Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան

16 Օգոստոս, 2018 16:28
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարան էր ներկայացրել կալանքից ազատելու մի շարք հիմնավորումներ, սակայն միայն անձի անձեռնմխելիության հիմքով են նրան կալանքից ազատ արձակել: Այդ իսկ պատճառով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը քննարկել է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, որպեսզի փաստաբանների ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը  այնտեղ քննարկման առարկա դառնան: Այս մասին օգոստոսի 16-ին ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ իրենց ներկայացրած բողոքում անձեռնմխելիության հիմքից բացի կան առնվազն երկու հիմք, որոնք, իր համոզմամբ, ոչ պակաս կարևոր են:

Պաշտպանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մեջ կա հատված, որտեղ նշված է, որ նրա կողմից հրամանագրով հայտարարված արտակարգ դրությունը եղել է հակաօրինական և հակասահմանադրական:

«Հրամանագիրը կարող է ապօրինի ճանաչվել միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ: Այսինքն` քանի դեռ չկա Սահմանադրական դատարանի որոշում, պետության անունից ոչ ոք իրավունք չունի ասել, որ  այդ հրամանագիրը եղել է ապօրինի»,-ասաց Ալումյանը:

Հայկ Ալումյանը նաև համարում է, որ Հատուկ քննչական ծառայության կողմից Վերաքննիչ դատարանի որոշումը որակում չպիտի ստանար:

«Հատուկ Քննչական ծառայությունը խոսում է պետության անունից: Հատուկ քննչական ծառայությունը կարող են ասել, որ համամիտ չէ Վերաքննիչ դատարանի որոշման հետ և բողոքարկելու է Վճռաբեկ դատարան, բայց ոչ թե ասել, որ դա ապօրինի է»,- ասաց Ալումյանը:

Պաշտպանը չի կարծում, որ իր պաշտպանյալը կարող է խոչընդոտել նախաքննությանը, քանի որ Ռոբերտ Քոչարյանն ի պաշտոնե օր ու գիշեր հսկվում է թիկնապահների կողմից, ովքեր աշխատում են Ազգային անվտանգության ծառայությունում:

«Այսինքն` իր մոտ քննությանը խոչընդոտելու հավանականությունը  ավելի փոքր է, քան  մեկ ուրիշի մոտ», -ասաց Ալումյանը:

Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

Նույն օրը, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է, իսկ ՀՀ գլխավոր դատախազությանից նշեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին