Կարևոր իրադարձություններ

Հաղարծինին նվեր եմ բերել՝ 140 000 դոլարանոց մի ծրագիր. Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Հաղարծինի 200-ամյակի միջոցառմանը

11 Օգոստոս, 2018 15:29
Հաղարծինին նվեր եմ բերել՝ 140 000 դոլարանոց մի ծրագիր. Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Հաղարծինի 200-ամյակի միջոցառմանը

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում հաղարծինցիների հետ հանդիպմանը նշեց, որ նվեր է բերել՝ 140 հազար դոլար դրամաշնորհային ծրագրի տեսքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Հաղարծին համայնքի 200 ամյակին նվիրված միջոցառմանը և ընդգծեց, որ սա շատ կարևոր իրադարձություն է:

« Ես մայրական կողմից հաղարծինցու թոռ եմ: Թող նոր էջ բացի այս օրը Հաղարծինի համար, ինչպես նոր էջ է բացվել Հայաստանում: Այսօր չի կարող Հաղարծինն ապրել նույն կյանքով, ինչպես մեկ կամ երեք ամիս առաջ էր: Տեսեք մենք որտեղ ենք գտնվում, չնաշխարհիկ երկրում, մենք միմյանց ներդաշնա՞կ ենք, թե՞ հակառակը: Ամբողջ Տավուշի մարզը շատ դժվարություններ հաղթահարել է անտառը հատելու և վաճառելու շնորհիվ: Հիմա եկել են ժամանակներ ցույց տալու, որ անտառը չկտրելն ավելի մեծ շահույթ կարող է բերել, քան անտառը կտրելը: Ես նվեր եմ բերել Հաղարծին համայնքին, 140  հազար դոլարի դրամաշնորհային ծրագրի տեսքով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այդ ծրագրի շրջանակում կֆինանսավորվեն այն բնակիչները, ովքեր կներկայացնեն իրենց կյանքը նորովի կազմակերպելու ծրագիր:

«Այն բնակիչները, որոնք, առանց բնությանը վնաս պատճառելու, նոր գործունեություն կծավալեն, չորանոց բացել, անասնապահությամբ զբաղվել և այլն, կստանան աջակցություն: Դա լինելու է ոչ թե վարկ, այլ դրամաշնորհ: 2000-3000 դոլար կտրվեն այն բոլոր հաղարծնեցիներին, ովքեր ծրագրեր կներկայացնեն մարզպետարան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին