ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 20-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Երևանի 38-ամյա բնակչին:
Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, Երևանի 1998թ. ծնված բնակչի դին հայտնաբերվել է 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3-րդ գյուղից դեպի գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ՝ մետաղական լարով կապված և այրված, պարանոցի շրջանում՝ կտրած-ծակած վնասվածքներով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության դեպքի իրական վայրը, հանգամանքները, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1980թ.: