Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզպետի մասնակցությամբ քննարկվել են Սևանի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները

08 Օգոստոս, 2018 20:10
Գեղարքունիքի մարզպետի մասնակցությամբ քննարկվել են Սևանի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի նախաձեռնությամբ Սևան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում հրավիրված հանդիպման ժամանակ քննարկվել են Սեւան քաղաքի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարային ծրագրերը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, հրավիրյալները տարբեր տարիքի ու մասնագիտության, նախասիրությունների ու փորձառության տեր մարդիկ էին, որոնց միավորել էր իրենց քաղաքն ավելի լավ ու բարեկեցիկ տեսնելու ցանկությունը: «Հանդիպումն անցավ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի մասնակցությամբ, ով արդեն 2-3 նման հանդիպում էր անցկացրել` արձանագրելով մարդկանց առաջարկները եւ դիտարկումները: 

«Բոհեմ» արվեստանոց-թեյարանում մի քանի ժամ միավորվեցին և բաժանվեցին տեսակետները, և այդ ինքնատիպ խաչմերուկում հնչած առաջարկությունների, արված դիտարկումների առանցքում զարգացած, բարեկարգ, ներկայանալի Սեւան ունենալու գաղափարն էր ու մեծագույն ցանկությունը:

Մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանդիպման սկզբում նկատեց, որ իրենք կարևորում են յուրաքանչյուրի կարծիքն ու դիրքորոշումը, ու տարբեր սերունդների երկխոսությունը. մի հարկի տակ հավաքելը դրա վկայությունն է: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սեւանա լճի հիմնահարցերը, Գագարինի սոցիալ-տնտեսական խնդիրներն ու բնակավայրի կարգավիճակի հստակեցման, աշխատատեղերի ստեղծման, զբոսաշրջության տեսակների, քաղաքի ենթակառուցվածքների զարգացման հետ կապված առանցքային հարցեր: Հարցադրումների մյուս շղթան ներառում էր տարածաշրջանում հնարավոր ներդրումների հավանականությունը, բիզնես միջավայրի զարգացումը, պետություն-մասնավոր հատված-համայնք համագործակցությունը, գրավիչ միջավայրի ստեղծումը, զարգացման հեռանկարների հստակեցումը»,- ներկայացրեց Սևւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը: Համայնքի համար առաջնահերթություններ են համարվել ճանապարհաշինությունը, ենթակառուցվածքների բարելավումը, կանաչ տարածքների մշակումը, ժամանցի վայրերի ստեղծումը: 

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հավաստմամբ՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը սևանյան հանդիպումը համարել է հաջողված և արդյունավետ, որը, միաժամանակ, մի շարք ծրագրերի ու ձեռնարկների սկզիբը կարող է լինել, նոր նախաձեռնությունների մեկնարկը:

 

Լրահոս

Դիտել ավելին