Կարևոր իրադարձություններ

Մաշտոցի պողոտա - Գր. Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի բարեկարգման աշխատանքները ավարտական փուլում են

07 Օգոստոս, 2018 13:56
Մաշտոցի պողոտա - Գր. Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի բարեկարգման աշխատանքները ավարտական փուլում են

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հետևել է Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ փողոց տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման ավարտական փուլի ընթացքին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ վաղ գարնանից մեկնարկած շինարարության ընթացքում «Վեոլիա ջուր» ընկերության կողմից հանգույցի ստորգետնյա  500 մետրանոց հատվածում կառուցվել է ջրահեռացման նոր ու նախկինի համեմատ երկու անգամ ավելի թողունակությամբ ջրահեռացման  համակարգ՝ շուրջ 16 դիտահորերով ու 40 անձրևընդունիչներով:

Թունելային հատվածի ջրահեռացման նախկին ցանցը կառուցվել էր տասնամյակներ առաջ՝ այն ժամանակվա պահանջներին համապատասխան: Երբ Գլխավոր պողոտայից, Պռոշյան և Պարոնյան փողոցներից անձրևաջրերը հոսում էին դեպի Մաշտոցի պողոտա - Գր. Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի թունելային հատված, առատ տեղումների օրերին ջրի կուտակումներ էին առաջանում՝ դժվարանցելիություն ստեղծելով փոխադրամիջոցների համար: Ջրահեռացման նոր համակարգն այդ խնդիրը հիմնովին լուծում է: Միաժամանակ, որպես հարակից համակարգ, կգործի նաև նախկին ցանցը:

Ջրահեռացման նոր ցանցի շինարարությանը գրեթե զուգահեռ Երևանի քաղաքապետարանի կողմից թունելի ողջ երկայնքով ու նաև բացօթյա հատվածում   մեկնարկել է կողային պատերի, ծածկի հեծանների ու մյուս հանգույցների բարեկարգումը, ներկումը: Հանգույցը կունենա նաև արտաքին լուսավորության լուսադիոդային նոր համակարգ:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը շրջել է  տրանսպորտային հանգույցի տարածքում և ծանոթացել կատարված աշխատանքներին: Գործընթացի ավարտական փուլի վերաբերյալ տեղում տրվել են հանձնարարականներ: 
Հարկ է նշել, որ նշված ճանապարհահատվածում շինարարությունը հնարավորին արագ ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվում են երկհերթ:  Ճանապարհաշինարարները Կամո Արեյանին վստահեցրել են, որ  ստորգետնյա հանգույցը 2 օրից  պատրաստ կլինի լիարժեք շահագործման:

 

 

Լրահոս

Դիտել ավելին