Կարևոր իրադարձություններ

Ես իրավունք ունեմ գումար ունենալու, ավելի քան 60 կազմակերպություն, բիզնեսներ եմ ունեցել. «Սևան ազգային պարկ»-ի տնօրեն

03 Օգոստոս, 2018 16:53
Ես իրավունք ունեմ գումար ունենալու, ավելի քան 60 կազմակերպություն, բիզնեսներ եմ ունեցել. «Սևան ազգային պարկ»-ի տնօրեն

Ես իրավունք ունեմ գումար ունենալու, ինտենսիվ զբաղվել եմ բիզնեսով, դադարեցրել եմ միայն այն ժամանակ, երբ նշանակվել եմ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն. այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին հայտարարեց Վահե Գուլանյանը՝ անդրադառնալով օգատերերի հարցերին իր հաշվին առկա գումարների, Դուբայ մեկնելու վերաբերյալ:


«Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ այո, ես ունեցել եմ շատ բիզնեսներ: Ես հիմա կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել ի լուր հանրությանը, որ ես իմ կյանքում չունեմ կատարած թաքուն, վատ բան, չունեմ խախտած որևէ օրենք, ինչի համար կամաչեմ, կվախենամ, որ հասարակությունը կիմանա: Ես շատ մեծ բան եմ թողել, երբ որ եկել եմ պետական համակարգ, երբ որ ստանձնել եմ տնօրենի պաշտոնը: Ես բիզնեսի մեջ եղել եմ շատ հաջողակ, ունեմ հիմնադրած 60 և ավելի կազմակերպություններ, որոնց գերակշիռ մասը վաճառել եմ որպես գործող բիզնեսներ:

 
 
Ես իմ ամբողջ կյանքում ստեղծել եմ տեխնոլոգիա և վաճառել: Իմ ամբողջ կյանքի վաստակը եղել է միայն գիտական պրոդուկտներ իրացնելը»,-շեշտեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը:

Վահե Գուլանյանի խոսքով՝ ինքը երբ մեկնել է Դուբայ, ոչ թե 5 աստղանի հյուրանոցում է մնացել , այլ՝ ընկերոջ տանը: 

Անդրադառնալով մեկ այլ օգտատիրոջ  դիտարկմանը, թե ՀՔԾ-ն կոծկում է չարաշահումների փաստով քրեական գործը՝ Վահե Գուլանյանն ասաց. «Չեմ կարծում, որ կոծկում են, խորը թափով ուսումնասիրում են այդ գործը, ես ինքս իմ մեջ այդ առումով վրդովմունք ու վիրավորանքներ ունեմ, շատ դեպքեր կան, որ ցանկացել ես լավ բան անել, հիմա դա վերագրում են վատ երևույթների»։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի կողմից մայիսին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը:

Այս կապակցությամբ ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր:

Մասնավորապես, չարաշահումների դեպքեր են արձանագրվել վերը նշված ՊՈԱԿ-ի և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև 2016 թ.-ին կնքված 15.700.000 ՀՀ դրամ արժեքով 2 պայմանագրերի կատարման գործընթացում: Պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և վերոհիշյալ ՍՊԸ-ի պաշտոնատար անձինք ստորագրել և հաստատել են կեղծ տեղեկություններ բովանդակող մի շարք պաշտոնական փաստաթղթեր, թե իբր նշված պայմանագրերով նախատեսված արժեքներով աշխատանքները կատարվել են, մինչդեռ դրանց մի մասն իրականում կատարված չի եղել: Հիշյալ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 4.700.000 ՀՀ դրամի գույքային վնաս»:
 

Լրահոս

Դիտել ավելին