Կարևոր իրադարձություններ

Փրկարար ծառայության տնօրենը խորհրդակցություն է անցկացրել

03 Օգոստոս, 2018 14:50
Փրկարար ծառայության տնօրենը խորհրդակցություն է անցկացրել

Օգոստոսի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: 

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Երևան քաղաքի և խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ու ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, մարտական պատրաստության դասընթացների, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ջոկատներում իրականացվող վերանորոգման աշխատանքների մասին:

Հաշվետու ժամանակահատվածում Արցախում գրանցվել է 114 դեպք-պատահար:

Լոռու ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Կ. Հովաննիսյանն իր զեկույցում նշել է, որ հրշեջ-փրկարարների արագ և արդյունավետ արձագանքման արդյունքում հնարավոր է եղել մարել Հայաստան-Վրաստան սահմանային հատվածում բռնկված հրդեհը, որի արդյունքում այրվել է 60 հա տարածք:

 
 
 
ՄՓՎ պետը նշել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում անձնակազմը մասնակցել է միջազգային կարգի չափորոշիչներին համապատասխան 36 ժամյա դաշտային վարժանքի:

Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո Ծառայության տնօրենն անդրադարձել է փրկարար ծառայության որակի բարձրացման խնդրին և առաջիկայում սպասվող միջոցառումներին:

Գնդապետ Նահապետյանը բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խստորեն հետևել ծառայության բարեխիղճ կազմակերպմանը, ներքին կարգ ու կանոնի պահպանմանը և բացառել ցանկացած անօրինական գործողություն: Տնօրենը նշել է, որ իր անմիջական վերահսկողության տակ են գտնվելու թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում իրականացվող փրկարարական աշխատանքներն ու ծառայության այլ գործառույթներ: Նրա խոսքով՝ չի անտեսվելու փրկարարի անձնուրաց ոչ մի աշխատանք և խրախուսվելու է ըստ արժանվույն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական հարցերը:
 

Լրահոս

Դիտել ավելին