Կարևոր իրադարձություններ

Թե ինչու չի խառնվում մշակույթի նախարարությունը. «Փաստ»

02 Օգոստոս, 2018 09:16
Թե ինչու չի խառնվում մշակույթի նախարարությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չարենցի տուն–թանգարանի աշխատակցուհի Սեդա Բադալ յանին ապօրինաբար աշխատանքից ազատելու դեպքի մասին («Փաստ» օրաթերթ, 28 հուլիսի, թիվ 126) տեղյակ են նաև ՀՀ մշակույթի նախարարությունում: Ավելին, փոխնախարար Տիգրան Գալստյանը հանդիպել է կողմերի հետ և տեղեկացել կոնֆլիկտի մանրամասներին, սակայն կարծում է, որ հարցը դատական կարգով լուծելն ավելի ճիշտ ու անաչառ մոտեցում կլինի երկու կողմերի համար էլ

«Երբ գործը գնում է դատարան, մշակույթի նախարարությունն այլևս իրավասու չէ որևէ ձևով միջամտել: Ինձ որևէ մեկը չի ասել, որ աշխատակիցը յոթ ամիս աշխատել է թանգարանում, բայց հրամանագրված չի եղել: Ես այդ մասին առաջին անգամ եմ լսում: Ինձ այլ բաներ է ասել աշխատակցուհին, որ ինքն ուզել է հրամանը տեսնել, բայց չեն տվել, վերջում զոռով է վերցրել և այլն, բայց որ ընդհանրապես հրաման չի եղել, ես այդ մասին առաջին անգամ եմ լսում: Եվ այն պահից, երբ իմացա, որ աշխատակցուհին դատարան է դիմելու, ճիշտ համարեցի, որ այդ հարցը թողնենք իրավապահներին: Եվ եթե կապացուցվի, որ այդ ընթացքում հրաման չի եղել, ապա թանգարանի տնօրենը կստանա համապատասխան պատիժ: Այնպես որ, այս փուլում մեր կողմից միջամտելն անիմաստ է»,– ասաց Տ. Գալստյանը:

Ինչ վերաբերում է թանգարանի աշխատանքային կոլեկտիվում առկա լարված մթնոլորտին, նա նշեց, որ իրենք այդօրինակ հարցերը կուսումնասիրեն և հետևություններ կանեն: Փոխնախարարի համար, այնուամենայնիվ, տարօրինակ բացահայտում եղել է, ինչը նույնպես կդառնա ուսումնասիրության և հետևությունների առարկա:

«Ինձ համար տարօրինակ էր, որ աշխատանքից ազատած աշխատակցուհուն նույն այդ տնօրենն էր աշխատանքի ընդունել: Այսինքն, նախկին աշխատող չի եղել: Տնօրենը ինձ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ աշխատակցուհու կրթական ցենզը չի համապատասխանել զբաղեցրած պաշտոնին, բայց զարմանալին այն է, որ հենց ինքն է նրան ընդունել աշխատանքի: Դա է տարօրինակը: Երբ մեր ձեռքի տակ հաստատված փաստեր լինեն, այդ ժամանակ մենք հետևություններ կանենք: Հիմա դեռ սպասում ենք ուսումնասիրությունների ավարտին և դատարանի վճռին»,– ասաց Տ. Գալստյանը:

Հիշեցնենք, որ Չարենցի տուն–թանգարանի աշխատակցուհի Սեդա Բադալ յանին աշխատանքի ընդունվելուց յոթ ամից անց են կանչել հրամանը ստորագրելու, ինչին ի պատասխան նա խնդրել է հրամանի ներքևում տվյալ օրվա ամսաթիվը նշել: Սա դարձել էր հիմնական կոնֆլիկտի առիթը, իսկ հետևանքը երկու նկատողության «հիմքով» աշխատանքից ազատելն է եղել: Նշենք, որ վերջին ամիսներին նույն թանգարանից արդեն երրորդ աշխատակիցն է հեռանում թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ խնդիրներ ունենալու պատճառով: 

Հիշեցնենք նաև, որ աշխատանքից հեռացնելու օրը Անահիտ Ասատրյանը հրաժարվել է անգամ ազատման հրամանի մեկ օրինակը տալ Սեդա Բադալ յանին: Միայն հաջորդ օրը, երբ Սեդա Բադալ յանը գրավոր դիմել է տնօրենին՝ ազատման հրամանի իր օրինակը վերցնելու և իր մոտ պահելու համար, թանգարանի տնօրենն այն տվել է: 

Ուշագրավ է նաև այն, որ թանգարանի տնօրենը չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ լրագրողներին՝ պատճառաբանելով, որ միայն իրավական ատյաններում կպատասխանի հարցերի, այլ հարցերի պատասխանել նա չի ցանկանում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին