Կարևոր իրադարձություններ

«Դա բացարձակ ճշմարտություն է». Պավլիկ Մանուկյանը վերահաստատեց

01 Օգոստոս, 2018 18:19
«Դա բացարձակ ճշմարտություն է». Պավլիկ Մանուկյանը վերահաստատեց

«Դատարանը կրկին այս առումով որոշակի ճշտումներ է ցանկանում իրականացնել Պավլիկ Մանուկյանից, թե հնչեցված հայտարարություններում ի՞նչ ի նկատի ուներ, և արդյո՞ք պնդում է նշված հայտարարությունները»,- 2016թ. ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի այսօրվա դատական նիստի ընթացքում Պավլիկ Մանուկյանին դիմեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Պետրոս Մակյանը։

 

Հիշեցնենք, որ խոսքը 2 շաբաթ առաջ Պավլիկ Մանուկյանի այն հայտարարությանն էր վերաբերում, թե պարեկապահակային ծառայության գնդում սպանված ոստիկանը մահացել է ոչ թե Արմեն Բիլյանի, ինչպես քրեական գործի նյութերում է նշվում, այլ ներկայումս ազատության մեջ գտնվող խմբի մեկ այլ անդամի՝ Էդուարդ Գրիգորյանի կրակոցից, իսկ Գնդի ներսում գտնվող բանկոմատն էլ ոչ թե Արմեն Բիլյանն է կոտրել, այլ կրկին այժմ ազատության մեջ գտնվող Մխիթար Ավետիսյանը, ով, ի դեպ, Պավլիկ Մանուկյանի կնոջ եղբայրն է։

«Դա բացարձակ ճշմարտություն է»,- ի պատասխան դատավորի կողմից հնչած ճշտող հարցի՝ կարճ արձագանքեց Պավլիկ Մանուկյանը։

Այս հայտարարությունը, ի դեպ, այսօր չմեկնաբանեց անգամ վերջինիս փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ հորդորելով դիմել իրեն՝ Պավլիկ Մանուկյանին։

 Դատական նիստից հետո Պավլիկ Մանուկյանի կողմից բանկոմատը կոտրելու մեջ մեղադրվող Մխիթար Ավետիսյանը վերահաստատեց նախորդ նիստից հետո արած իր այն հայտարարությունը, որ Պավլիկ Մանուկյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում՝ հավելելով, որ կգա ժամանակը, կխոսեն։

Հիշեցնենք, որ խմբի ղեկավարներից Վարուժան Ավետիսյանն ավելի վաղ ասել էր, որ դա Պավլիկ Մանուկյանի կարծիքն է, և չի արտահայտում «Սասնա ծռերի» տեսակետը։

 

Լրահոս

Դիտել ավելին