Կարևոր իրադարձություններ

Վարչապետին կից հանձնաժողովի համար ՔՊ-ի որոշումները իմպերատիվ բնույթ չունեն. Դ. Իոաննիսյանը՝ ԸՕ-ի շուրջ քննարկմանը

01 Օգոստոս, 2018 13:32
Վարչապետին կից հանձնաժողովի համար ՔՊ-ի որոշումները իմպերատիվ բնույթ չունեն. Դ. Իոաննիսյանը՝ ԸՕ-ի շուրջ քննարկմանը

 

 Ընտրական օրենսգրքի ՏԻՄ-ին վերաբերող փոփոխություններին վերաբերող հանրային քննարկմանը  Վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ  նախատեսվում է Ընտրական օրենսգրքի ՏԻՄ-ի բաժնում փոխել օրենքների միջև հակասությունները, որոնք բազմաթիվ են

«Վերջին երկու շաբաթը եկան վկայելու, որ ակնհայտ հակասություններ կան «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի միջև»,- նկատեց նա՝ նշելով, որ իրենք ուղղակի վերացնելու են հակասությունները:

Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց վարչապետին կից հանձնաժողովն ունի դիրքորոշումը, ըստ որի՝ պետք է լայնանա համայնքների ցանկը, որոնք ունենալու են ավագանու, ոչ թե ավագանու անդամի ընտրություններ, այնպիսի ընտրակարգ, որը գործում է Գյումրիի, Վանաձորի և Երևանի դեպքում:

 «Ենթադրում եմ, որ 10 000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում նման ընտրակարգ կսահմանվի: Բացի այդ, հանձնաժողովում բավականին կոնսենսուսային պատկերացում կա այն մասին, որ 70 000 բնակչություն ունեցող համայնքներում արժե ավելացնել ավագանու անդամների թիվը: Այստեղ թվերի վերաբերյալ ոչ մի որոշում չկա, բայց նման բան անելու կոնսենսուսային պատկերացում կա»,- ասաց նա:

Դանիել Իոաննիսյանը խոսեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումից, ըստ որի՝ այս փուլում պետք է զերծ մնալ ԸՕ-ում ՏԻՄ համակարգում փոփոխություններ անելուց. «Ընտրական օրենսգիրքը պատրաստող վարչապետին կից հանձնաժողովի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումները իմպերատիվ բնույթ չունեն: Հանձնաժողովն է որոշողը, իհարկե, գործադիրը դեռ պետք է հավանության արժանացնի, խորհրդարանը քվեարկի, բայց, այդուհանդերձ, հանձնաժողովն է որոշելու՝ ինչը փոխել, ինչը չփոխել»:

Նա ներկայացրեց իր անձնական կարծիքը՝ հեղափոխությունից հետո չպետք է վախենալ հեղափոխական փոփոխություններից:

«Բայց դա չի նշանակում, որ պետք է ափալ-թափալ որոշումներ կայացնել: Պետք է մտածված գործողություններ անել, և եթե կարիքը կա, որ կոնկրետ փոփոխությունը կամ որոշումն ուժի մեջ մտնի ավելի ուշ, ապա կարելի է դա ամրագրել: Ոչինչ չի խանգարում, որ դա ամրագրվի, ենթադրենք, ԸՕ-ի անցումային դրույթների մեջ»,- ասաց նա:
 

Լրահոս

Դիտել ավելին