Կարևոր իրադարձություններ

Ատոմակայանը կգործարկվի օգոստոսի մեկից. Նիկոլ Փաշինյան

19 Հուլիս, 2018 15:48
Ատոմակայանը կգործարկվի օգոստոսի մեկից. Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը ներկայացրեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անմիջապես արտադրողից և մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթացներ կազմակերպելու մասին որոշման նախագիծը:

«Այսինքն՝ գնման թույլտվությունը մենք նոր ենք տալիս, մինչդեռ երկու օր առաջ մեր խորհրդակցության ժամանակ ասացիք, որ օգոստոսի մեկին ատոմակայանը կվերագործարկվի, բա էս գնումների՝ այսքան ուշ կառավարության հասնելն այդ պլանների վրա ինչպե՞ս է ազդում»,-հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:

Արթուր Գրիգորյանն ասաց, որ բոլոր ճշգրտումներն արված են, և կան դեպքեր, որ անհնարին է եղել ժամանակին նախատեսել:

 
 

«Այսինքն՝ պլանային աշխատանքների ընթացքում սարքավորումները բացել են, տեսել են, որ մեջը կա ապրանքի մի տեսակ, որը ենթակա է փոփոխման»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե կարո՞ղ է այնպես լինել, որ պարզվի՝ ապրանքներն արդեն գնվել են, և կառավարությունն ուղղակի որոշում է կայացնում:

Նախարարն ասաց, որ կան ապրանքներ, որոնց վերաբերյալ պայմանագրերը կնքված են, և ապրանքները տեղում են: «Ուրիշ տարբերակ չունեինք, հակառակ դեպքում՝  ուշանում էինք: Կան ապրանքներ, որոնք ձեռք են բերվում Ռուսաստանից, Չեխիայից, Բելգիայից, որպեսզի մենք չուշանայինք, ստիպված ենք եղել արտակարգ ռեժիմով աշխատել, որ գրաֆիկից հետ չընկնենք»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ապրանքների ցանկով և նշեց, որ ատոմակայանն  այսպես թե այնպես օգոստոսի մեկից կգործարկվի, անկախ նրանից՝ այս որոշումն  ընդունեն, թե ոչ: «Ես առաջակում եմ այս որոշումն ավելի ուշադիր նայենք, հետո նոր կայացնենք: Եկեք հասկանանք՝ ինչ է գնվել, որտեղից, ինչ գնով, իսկ հետո կպարզվի՝ ամեն ինչ կարգին է, այս որոշումը կընունենք»,-ասաց նա և ստացավ կառավարության անդամների համաձայնությունը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին