Կառավարությունը «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման տարբերակ է դիտարկում պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափի կիրառումը:
Այս մասին արտագնա մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
Ըստ նախարարի՝ Սիսիան-Քաջարանն ամենաբարդ հատվածներից է, որը նաև ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջում:
«Պետություն-մասնավոր հատված համագործակցության հիմնական տարբերակներից մեկը վճարովի ճանապարհներ կառուցելն է: Քանի որ այստեղ ներդրման չափը մեծ է, ճիշտ կլինի այդ ֆորմատով հարցին մոտենալ:
Տարբեր երկրներում վճարովի ճանապարհների փորձը կա: Եթե ճանապարհը լինի վճարովի, կան մոտավոր հաշվարկներ, որոնց համաձայն, այդ վճարը չի գերազանցելու մարդատար ու բեռնատար ավտոմեքենաների համար կրճատված հատվածի վառելիքի և ամորտիզացիայի արժեքը»,-ասաց նախարարը։
Նա նկատեց, որ նոր ճանապարհի դեպքում լեռներով անցումների փոխարեն կիլինի այլ 100 կմ/ժ հաշվարկային արագությամբ ուղիղ ճանապարհ:
Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը, որը 60 կմ է, ներառված է Տրանշ 4-ում՝ Արտաշատ-Իրանի սահման հատվածում: Տրանշ 4-ի շրջանակներում կառուցվելիք ճանապարհի ընդհանուր երկարությունը 281 կմ է:
Ճանապարհը բաժանված է երեք հատվածների՝ Արտաշատ-Սիսիան (175 կմ), Սիսիան-Քաջարան (60 կմ) և Քաջարան-Ագարակ (32 կմ):
Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության համար Եվրասիական զարգացման բանկի հետ ստորագրվել է վարկային համաձայնագիր:
Քաջարան-Ագարակ հատվածի մանրամասն նախագծման համար իրականացվում է միջազգային մրցույթ: Շինարարության մեկնարկը նախատեսված է 2020 թվականին: