Կարևոր իրադարձություններ

Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն է խնդրել Փանիկ գյուղում զորավարժանք իրականացնելու համար

18 Հուլիս, 2018 15:10
Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն է խնդրել Փանիկ գյուղում զորավարժանք իրականացնելու համար

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցեր:Ինչպես տեղեկացրել են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն է խնդրել եւ նշել, որ միջադեպը անփութության արդյունք է եղել՝ վստահեցնելով, որ այսուհետ նման բացթողում իրենց աշխատանքներում չի լինի:Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն, առանց զգուշացման եւ առանց փաստաթղթերի, մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել: Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել:

Ալեքսեյ Պոլյուխովիչը նախապես ներողություն է խնդրել և նշել, որ միջադեպը անփութության արդյունք է. «Ես վստահեցնում եմ ձեզ, պարոն մարզպետ, որ այսուհետ նման բացթողում մեր աշխատանքներում չի լինի, զորավարժանքներն անցկացվել են ռազմաբազայի մարտական պատրաստվածության բարձրացման նպատակով:

Մենք հասկանում ենք, որ ազգաբնակչությունը անհանգստացել ու վախեցել է, ընդունում ենք, որ թերացել ենք ու հավուր պատշաճի չի տեղեկացվել համայնքը: Անցկացնելու ենք ծառայողական քննություն և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»:

Շիրակի մարզպետը կարևորել է աշխատանքներում համագործակցությունը և անցկացվելիք վարժանքների մասին ժամանակին ու պատշաճ տեղեկացումը, որպեսզի այսուհետ նման միջադեպերը բացառվեն: Ըստ Ալեքսեյ Պոլյուխովիչի ռազմաբազան առաջիկայում անցկացնելու է բաց դռների օր, բնակիչները հնարավորություն են ունենալու շփվելու և ծանոթանալու բազայում իրականացվող աշխատանքներին:

Կարեն Սարուխանյանը ռազմաբազայի հրամանատարի տեղակալի հետ զրույցում կարևորել է նաև Շիրակացի փողոցի վրա տեղադրված բետոնյա արգելապատնեշների հեռացման, ինչպես նաև «Կամխուտ» հրաձգարանի ցանկապատման խնդրի լուծումը: Ալեքսեյ Պոլյուխովիչը վստահեցրել է, որ բարձրացված հարցերի վերաբերյալ կզեկուցի 102-րդ ռազմաբազայի հրամանատարին և մարզպետի հետ առաջիկայում կայանալիք հանդիպման ժամանակ հնարավորություն կլինի զրուցել դրանց լուծման համար ձեռնարկված քայլերի մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին