Կարևոր իրադարձություններ

Գյուղնախարարը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գյուղատնտեսական ապահովագրությանը վերաբերող մի շարք հարցեր

17 Հուլիս, 2018 20:40
Գյուղնախարարը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գյուղատնտեսական ապահովագրությանը վերաբերող մի շարք հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները:

Առաջնային խնդիրների թվում նախարարը մասնավորապես մատնանշել է պետության աջակցության ավելացումը գյուղատնտեսությանը պետական աջակցության ծրագրերում փոքր գյուղացիական տնտեսությունների ներգրավումը, ինչպես նաև գյուղատնտեսական սուբսիդավորման նոր մեխանիզմների մշակումը։

Որպես ոլորտի զարգացման մեկ այլ կարևոր բաղադրիչ` նախարար Արթուր Խաչատրյանը մատնանշել է բարձրարժեք գյուղմթերքի արտադրության կազմակերպումն ու գյուղմթերքի արտադրության ոլորտում ամբողջական արժեշղթայի ձևավորումը, գյուղատնտեսական նշանակության հողերի ծավալների ավելացումն ու միավորումը, ինչը  թույլ կտա բարձրացնել հողերի տնտեսական արժեքը:

 

Անասնապահության ոլորտի առաջնահերթ խնդիրների թվում նախարար Արթուր Խաչատրյանը հատկապես կարևորել է գյուղատնտեսական կենդանիների նույնականացման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի գյուղատնտեսական կենդանիների առողջության պահպանմանն ու հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպմանը:

Կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսական ապահովագրությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս առումով Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարվա սկզբին նախատեսվում է մեկնարկել գյուղապահովագրության պիլոտային ծրագիր Արմավիրի, Արարատի և Շիրակի մարզերում:

Ոլորտի առաջնահերթությունների թվում նախարարը նշել է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացումը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման և կարկտապաշտպան ժամանակակից համակարգերի ներդրումը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների բարելավումը:

ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ֆինանսական և տեխնիկական օժանդակության ձևաչափերով:

 

Լրահոս

Դիտել ավելին