Կարևոր իրադարձություններ

Հերթական «սաբոտաժը» Արթիկում. «Հրապարակ»

12 Հուլիս, 2018 09:42
Հերթական «սաբոտաժը» Արթիկում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

Անցած տարի Արթիկի թիվ 7 դպրոցը՝ թերբեռնվածության պատճառով, օպտիմալացվեց, աշակերտները տեղափոխվեցին այլ դպրոց, եւ շենքը 20 տարի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց «Չեխ-Արմ-Ինվեստ» հայ-չեխական ընկերությանը, որի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերը գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյանն է։ Մենք հետաքրքրվեցինք այս գործարքով եւ պարզեցինք, որ ընկերությունը պետք է զբաղվի հագուստի արտադրությամբ եւ այն արտահանի ՌԴ եւ եվրոպական երկրներ: Այն ժամանակ ոչ ոք չէր առարկում կատարվածին, եւ մեզ հարցազրույց տվողներն էլ անանուն էին խոսում՝ խուսափելով բաց հանդես գալուց։ Ավելին՝ խոսում էին նոր աշխատատեղերի, տարածաշրջանում նմանը չունեցող արտադրության, Լֆիկի ճարպկության եւ բիզնես-հոտառության մասին։

Հեղափոխությունից հետո, ինչպես նախկին իշխանությունների շատ ձեռնարկներ, այս մեկն էլ դանդաղեց, ապա տեղեկացանք, որ դպրոցում իրականացվող շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, ՍՊԸ-ն ինչ-ինչ խնդիրներ ունի նոր կառավարության հետ: Իսկ երեկ էլ տեղեկացանք, որ արթիկցիները ստորագրահավաք են նախաձեռնել։ Նախաձեռնողների մեջ անգամ Արթիկի համայնքապետարանի աշխատակից կա, մանկավարժ, քաղակտիվիստներ։ Անցած 4 օրվա ընթացքում 400 հոգի միացել է ստորագրահավաքին, նրանք պատրաստվում են դիմել կառավարությանը՝ պահանջելով «դադարեցնել դպրոցում տեղի ունեցող քանդման աշխատանքները եւ վերանայել գործադիրի N 1660 Ա որոշումը»։

Այս ձեռնարկի մեջ էլ կա օտար կապիտալ, ինչպես «Ամուլսարի» դեպքում է, եւ ներդրումների խնդիր։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կվերաբերվի գործող կառավարությունն այս պահանջին՝ կընդառաջի՞, քանի որ Սամվել Ալեքսանյանի անվան հետ է կապված, թե՞ կհամարի «սաբոտաժ» եւ կհորդորի դադարեցնել։

 

Լրահոս

Դիտել ավելին