Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանը որոշակի քաղաքական հետաքրքրություններ ունի. «Ժողովուրդ»

11 Հուլիս, 2018 08:40
Սամվել Բաբայանը որոշակի քաղաքական հետաքրքրություններ ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որ 2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ կալանավորվել, այնուհետեւ դատապարտվել էր ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով եւ թավշյա հեղափոխությունից հետո միայն ազատ արձակվել, երեկ այցելել է Արցախ, հանդիպել նախագահ Բակո Սահակյանին: Սա ինքնին ուշագրավ իրադարձություն է` հաշվի առնելով Բաբայանի անձը, նաեւ հանգամանքը, որ դեռ մինչեւ վերջերս Արցախում ներքաղաքական կյանքը մի փոքր լարված էր, եւ այդ երկրի նախագահ Բակո Սահակյանը հավաստիացրել էր, որ ինքը 2020 թվականի նախագահական ընտրություններում չի առաջադրի թեկնածությունը: 

Կարելի է ենթադրել՝ պարոն Բաբայանը որոշակի քաղաքական հետաքրքրություններ ունի, մանավանդ, երբ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նաեւ ներքաղաքական խնդիրներին է անդրադարձ եղել:

Երեկ ոմանք հեռուն գնացող հետեւություններ էին անում` տեսակետ հնչեցնելով, թե Սամվել Բաբայանը միգուցե առաջադրվի ԼՂՀ նախագահի թեկնածու: Մյուս կողմից, սակայն, հասկանալի է, որ մինչեւ 2020 թվականը շատ ջրեր կարող են հոսել, հետեւաբար նման հեռահար պլաններ գծելը տեղին չէ:

Ինչեւէ, Սամվել Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի  հետ զրույցում այս կապակցությամբ նշել է, թե իր այցը քաղաքական նպատակ չի հետապնդում, եւ եկել է Արցախ, քանի որ վաղուց չէր եղել այնտեղ: Ամեն դեպքում Բաբայանը չի թաքցրել, որ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը նաեւ քաղաքական հարցեր են քննարկել, սակայն դա այցի հետ կապ չունի:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:  

 

Լրահոս

Դիտել ավելին