Կարևոր իրադարձություններ

Եղոյան. Աշոտյանը կընդգրկվի ՀՀ -ԵՄ համաձայնագրի կիրարկման հանձնաժողովի կազմում

10 Հուլիս, 2018 18:51
Եղոյան. Աշոտյանը կընդգրկվի ՀՀ -ԵՄ համաձայնագրի կիրարկման հանձնաժողովի կազմում

Խորհրդարանական ուժերը ևս կներգրավվեն ՀՀ -ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը, հայտնում է Panorama.am-ը:

Ավելի վաղ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն էր հայտնել, որ ՀՀ -ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում խորհրդարանից ներգրավված որևէ անձ չկա։

Այն հարցին, թե ով է լինելու այդ ներկայացուցիչը, Եղոյանն ասել է. «Ինձ թվում է՝ լինելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովից։ Կարծում եմ՝ կլինի հենց Արմեն Աշոտյանը։ Սկզբունքն այն է, որ ԱԺ-ից ևս ներկայացուցիչ լինի, ներկայացուցիչների քանակն էական չէ»:

Արձագանքելով այդ հայտարարությանը՝ Աշոտյանն իր հերթին նշել է, որ լավ է, որ արձագանքը արագ էր և կառուցողական:

«Վստահ եմ, որ համատեղ աշխատանքով կարող ենք բարձրացնել Հայաստան-ԵՄ համաձայնագրով նախատեսված բարեփոխումների արդյունավետությունը և այն առավել շոշափելի դարձնել մեր քաղաքացիների համար»,-ասվում է Աշոտյանի նոր գրառման մեջ:

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան, Լեհաստանը և Լյուքսեմբուրգը:

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին