Կարևոր իրադարձություններ

Թուրքիան գործազրկության մակարդակով OECD երկրների ցանկում առաջատար է

07 Հուլիս, 2018 21:35
Թուրքիան գործազրկության մակարդակով OECD երկրների ցանկում առաջատար է

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) աշխարհում գործազրկության մակարդակի վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել։ Ըստ այդմ՝ Թուրքիան ներառվել է գործազրկության բարձր մակարդակով և աշխատանքի անբարենպաստ պայմաններով աչքի ընկնող երկրների ցանկում։

Այստեղ միլիոնավոր մարդիկ չունեն աշխատելու հնարավորություն, իսկ նրանք, ովքեր որևէ աշխատանք ունեն, օրական աշխատում են նախատեսվածից երկար՝ շատ ցածր աշխատավարձի դիմաց։

OECD անդամ 35 երկրում գործազրկության միջին մակարդակը կազմում է 5․9 տոկոս։ Իսկ Թուրքիայում այդ ցուցանիշը կազմում է 11․2 տոկոս։ Ընդ որում, նշված 35 երկրում  գործազրկության միջինացված ցուցանիշը վերջին 10 տարվա ընթացքում նվազել է 0․4 տոկոսով, իսկ Թուրքիայում նույն ժամանակահատվածում աճել է 0․7 տոկոսով։

OECD անդամ երկրներում 2017թ․ միջին տարեկան աշխատավարձը ավելացել է 0․3 տոկոսով, իսկ Թուրքիայում տարվա առաջին կեսին գրանցված 1 տոկոս աճին հաջորդել է 3 տոկոս նվազումը։

Աշխատուժի լիարժեք օգտագործման տեսակետից ևս Թուրքիան վերջին հորիզոնականներում է։ Եթե Իսլանդիայում աշխատում է աշխատունակ բնակչության 87․2 տոկոսը, Շվեդիայում՝ 81․8, Ճապոնիայում՝ 80․3 տոկոսը, ապա Թուրքիայում այդ ցուցանիշը կազմում է 55 տոկոս։ Այսպիսով, գործազուրկները, աշխատանք չփնտրողները և կես դրույքով աշխատողները կազմում են երկրի աշխատուժի շուրջ 45 տոկոսը։ Աշխատուժի թերի օգտագործման բարձր ցուցանիշով Թուրքիան OECD-ում առաջատարներից մեկն է։

diken.com.tr

 

Լրահոս

Դիտել ավելին