Կարևոր իրադարձություններ

Վեդի-Երևան ավտոճանապարհին «Օպելի» կին վարորդը բախվել է «06»-ին. 2 մարդ մահացել է

07 Հուլիս, 2018 21:27
Վեդի-Երևան ավտոճանապարհին «Օպելի» կին վարորդը բախվել է «06»-ին. 2 մարդ մահացել է

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Պետրոսյանի նախագահությամբ ավարտվել է Էլեն Գ.-ի գործի դատական քննությունը:

22-ամյա Էլեն Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել երկու մարդու կյանք խլած վթարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում Էլեն Գ.-ն, վարելով հորը պատկանող «Օպել Զաֆիրա» մեքենան, մոր ընկերուհի Զեմֆիրա Ս.-ի հետ Արարատի մարզի Դաշտաքար գյուղից ուղևորվել է դեպի Երևան: Վեդի-Երևան ավտոճանապարհի Վանաշեն գյուղի հատվածում Էլեն Գ.-ն, ըստ մեղադրանքի, թույլ է տվել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ՝ շուրջ 60 կմ/ժ արագությամբ ընթանալիս կարծելով, թե ճանապարհը շփոթել է, վերցրել է բջջային հետախոսն ու շուրջ 10 վայրկյան ուշադրությունը շեղելով երթևեկությունից, ձախ ձեռքով պահելով մեքենայի ղեկը, աջ ձեռքով ցանկացել է միացնել հեռախոսում ներբեռնված նավիգացիոն համակարգը: Չկարողանալով անվտանգ իրականացնել մեքենայի պատշաճ ու անվտանգ կառավարումը այն հաշվով, որ մեքենան  վարի իր ընթացքի ուղղության երթևեկելի մասով, Էլեն Գ.-ն մուտք է գործել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս ու մեքենայի առջևի մասով բախվել է այդ ուղեմասով ընթացող՝ Վահան Շ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի առջևի մասին: Արդյունքում վերջինիս վարորդ Վահան Շ.-ին ու իր մեքենայի ուղևոր Զեմֆիրա Ս.-ին Էլեն Գ.-ն անզգուշությամբ մահ է պատճառել:

Դատարանը հաստատված է համարել հետևյալ հանգամանքները:

2017 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 10-ի սահմաններում Էլեն Գ.-ն մոր ընկերուհու՝ Զեմֆիրա Ս.-ի հետ իր վարած մեքենայով գնացել է Արարատի մարզի Դաշտաքար գյուղ՝ ծանոթ Նաիրա Մ.-ի տանից դեղձ տանելու: Շուրջ երկու ժամ Դաշտաքարում մնալուց հետո, ժամը  13-ի սահմաններում Էլենը Զեմֆիրա Ս.-ի հետ մեքենայով ուղևորվել է դեպի Երևան: Վեդի-Երևան ավտոճանապարհով ընթանալիս՝ Վանաշեն գյուղի ճանապարհահատվածում Էլեն Գ.-ն մոտ տասը վայրկյան երթևեկությունից շեղել է ուշադրությունը և պատճառ է դարձել երկու մարդու կյանք խլած վթարի՝ երկու մեքենաների ճակատային բախման…

Տուժողի իրավահաջորդ Սարգիս Հ.-ն հայտնել է, թե Էլեն Գ.-ն իրեն հարազատ մարդ է, իր համար՝ աղջկա պես է: Իր կինը նստած է եղել  Էլենի վարած մեքենայի առջևի նստատեղին: Վթարի հետևանքով կինը մահացել է…

Տուժողի իրավահաջորդը նշել է, թե «եղածը եղած է», ինքը չի բողոքում, ցանկանում է, որ դատարանը հաշվի առնի իր խնդրանքը, ըմբռնումով մոտենա, որպեսզի երիտասարդ աղջկա կյանքը չխաթարվի՝ նա դեռ պիտի ընտանիք կազմի… Ինքը գիտի, թե ամբաստանյալ Էլեն Գ.-ն ինչ ապրումներ ունի, խնդրում է նրա նկատմամբ սահմանել ամենամեղմ պատիժը…

Տուժողի իրավահաջորդ Գագիկ Հ.-ն հայտնել է, թե ամբաստանյալ աղջկան չի ճանաչում: Վթարի հետևանքով մահացած Վահան Շ.-ն իր մորաքրոջ տղան է:

Դեպքի օրը ինքը Վահանի հետ գնացել էր իր հոր գերեզմանը կարգի բերելու, քանի որ մեկ շաբաթից «սբխեչն» էր, գերեզմանաքար էին տեղադրել:

Իրենք գործ են արել, հաց են կերել, Վահանը մեքենայով գնացել է Այգավան գյուղ՝ խոստանալով 20 րոպեից վերադառնալ գերեզմանատուն:

Նրա գնալուց հետո չէր անցել 17 րոպե, իր փոքր տղան զանգել ու ասել է, թե խոսում են, որ Վահանը մահացել է…

Ինքն անմիջապես գնացել է դեպքի վայր, տեսել է ջարդված մեքենաները: Վահանին արդեն տարել էին դիահերձարան…

Տուժողի իրավահաջորդը հայտնել է, թե Վահանը «դառը ճակատագիր է ունեցել». Նա մեծացել է մանկատանը, հետո ընտանիք է կազմել… 1993 թվականին Վահանի տունը հրդեհվել էր, նրա կինն ու երեխան մահացել էին… Վահանը նորից էր ամուսնացել, ընտանիք էր կազմել…

Տուժողի իրավահաջորդը նշել է, որ Էլեն Գ.-ն դիտավորյալ արարք չի կատարել, խնդրել է, որ դատարանը մեղմ պատիժ նշանակի, որպեսզի երիտասարդ աղջկա կյանքը չխաթարվի, «նրա աչքերում արցունք չլինի»:

Էլեն Գ.-ի հայրը գործով հանդես է եկել որպես վկա: Նա նշել է, որ մեքենան իրենն էր, դուստրը՝ Էլենը, այն մշտապես վարում էր: Ինքը աշխատավայրում է եղել: Աղջիկը մեքենան վերցրել է, որ գնա ինչ-որ դեղձ բերելու…

Ինքը վթարի մասին ուշ է իմացել, քանի որ առողջական խնդիրներ ունի, իրեն մանրամասները չեն հայտնել: Եթե Էլենը մեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս, բնականաբար՝ նա է եղել մեղավոր: Վկան շեշտել է՝ դա ասում է ոչ թե որպես հայր, այլ՝ որպես վարորդ…

Ամբաստանյալ Էլեն Գ.-ն հայտնել է, որ մեքենան վերցրել է հոր աշխատավայրից, Զեմֆիրայի հետ գնացել են Նաիրայենց գյուղ՝ դեղձ բերելու… Հետդարձի ճանապարհին Զեմֆիրան կասկած է հայտնել, թե սխալ ճանապարհով են գնում: Ինքն էլ է կասկածել, քանի որ առաջին անգամ էր այդ ճանապարհով երթևեկում: Փորձել է հեռախոսի նավիգացիոն համակարգով ճշտել ճանապարհը, ուշադրությունը շեղել է մոտ տասը վայրկյանով… Հիշում է մեքենաների հարվածի պահը, որի արդյունքում երկու հոգի մահացան…

Էլեն Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով, դատապարտվել է 4 տարի ազատազրկման՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Էլեն Գ.-ի նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 4 տարի փորձաշրջան:

 

Լրահոս

Դիտել ավելին