Կարևոր իրադարձություններ

Գյուղատնտեսության ոլորտում ունենք հեռանկարներ և անհրաժեշտ է դրանք արդյունավետ իրականացնել. Նիկոլ Փաշինյան

04 Հուլիս, 2018 20:50
Գյուղատնտեսության ոլորտում ունենք հեռանկարներ և անհրաժեշտ է դրանք արդյունավետ իրականացնել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի ներդրման, հակակարկտային կայանների արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու նախատեսվող ծրագրերը:

«Ակնհայտ է, որ մենք այս ոլորտում ունենք խնդիրներ, բայց ակնհայտ է նաև, որ մենք ունենք հեռանկարներ և անհրաժեշտ է դրանք արդյունավետ իրականացնել: Դրա համար անհրաժեշտ է նաև, որպեսզի մի շարք գերատեսչություններ արդյունավետ համագործակցեն, նաև ՀՀ քաղաքացիներն իմանան եղած հնարավորությունների և դրանց արդյունավետության մասին, որովհետև շատ դեպքերում այն պատճառաբանությունները, որ գումարներ չկան, միջոցները չեն հերիքում նոր տեխնոլոգիաների ներդրման համար՝ բերում են ավելի մեծ ծախսերի:

Իհարկե, այդ իրավիճակն օբյեկտիվ կոմպոնենտներ ունի և պետք է փորձենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել և մտածողության, և պրակտիկայի մակարդակում՝ խնդիրները լուծելու համար»,- ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներն անդրադարձել են կաթիլային ոռոգման համակարգերի և հակակարկտային ցանցերի տեղադրման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներին ու դրանց արդյունքներին: Գյուղատնտեսության ոլորտի զարգացման առումով կարևորվել է նշված համակարգերի ներդրումը: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել կառավարության կողմից նախատեսվող ծրագրերին, որոնք կնպաստեն, որպեսզի գյուղատնտեսությունը դառնա ժամանակակից ու արդյունավետ:

Քննարկվել են նաև գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր: Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն էլ ներկայացրել են հակակարկտային հրթիռային համակարգերի արդյունավետության բարձրացման ու դրանց գործարկման ընդլայնման աշխատանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին