Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Մեզ համար պատիվ է այս գեղեցիկ օրը Ձեզ ընդունել ԱՄՆ դեսպանատանը. ԱՄՆ դեսպանը՝ ՀՀ վարչապետին

03 Հուլիս, 2018 17:56
Մեզ համար պատիվ է այս գեղեցիկ օրը Ձեզ ընդունել ԱՄՆ դեսպանատանը. ԱՄՆ դեսպանը՝ ՀՀ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն ու շարունակական զարգացում: 


ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին այցելության և շնորհավորանքի համար: «Մեզ համար պատիվ է այս գեղեցիկ օրը, երբ տոնում ենք մեր անկախությունը, Ձեզ ընդունել ԱՄՆ դեսպանատանը: Հայաստանը Միացյալ Նահանգների լավ բարեկամն ու գործընկերն է, և ես սպասում եմ մեր շարունակական համագործակցությանը՝ մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների ոգուն համահունչ»,- ասել է Ռիչարդ Միլսը:


Հանրապետության վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը: «ՀՀ կառավարությունը կարևոր է համարում Միացյալ Նահանգների հետ ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Պատրաստ ենք համատեղ ջանքերով նոր ազդակ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով»,- նշել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին տարիներ ի վեր ցուցաբերվող օժանդակության համար:


Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին՝ ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության, իրավական համակարգի զարգացման ոլորտներում: Այս առումով, Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է սերտ համագործակցության ՀՀ կառավարության հետ և ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական, տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն: Կողմերը քննարկել են նաև ամերիկյան ներդրումների ներգրավման ընդլայնմանն ու երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանմանը, այդ թվում՝ առկա ներուժի իրացմանն ուղղված հարցեր:


Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և կարևորել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին