Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Հունաստանի Հանրապետության գերագույն դատարանի դատախազության միջև այսօր Երևանում ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Ինչպես տեղեկացնում են գլխավոր դատախազությունից, հայկական կողմից հուշագիրն ստորագրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հունական կողմից՝ Հունաստանի Հանրապետության գերագույն դատարանի գլխավոր դատախազ Քսենի Դիմիտրիուն:
Հուշագրի շրջանակներում կողմերը, ելնելով իրենց իրավասություններից, կհամագործակցեն հատկապես կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, կոռուպցիայի, մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, տնտեսական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, ինչպես նաև քրեական գործերով իրավական օգնության և հանձնման մասին միջնորդությունների կատարման ոլորտներում:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել տիկին Դիմիտրիուին՝ ՀՀ դատախազության 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին Հայաստանում գտնվելու կապակցությամբ՝ նշելով, որ այդպիսով վերահաստատվել է դարավոր և հարուստ պատմություն, հզոր մշակությաին ժառանգություն ունեցող բարեկամ երկրների միջև ամենաջերմ և անկեղծ հարաբերությունների պահպանման և զարգացման երկկողմ անկեղծ ցանկությունը:
Արթուր Դավթյանը հավելել է, որ ստորագրված հուշագիրը նոր մակարդակի է բարձրացնում երկու երկրների դատախազությունների միջև գործակցությունը, ստեղծում հավելյալ հնարավորություններ ու կառուցակարգեր՝ դատախազների միջև օգտակար փորձի փոխանակում իրականացնելու, մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման և հմտությունների կատարելագործման համար:
Շնորհակալություն հայտնելով Հունաստանի համար հազարամյակների պատմությամբ ապացուցված բարեկամ Հայաստանում իրենց ցուցաբերված ընդունելության համար՝ Հունաստանի գերագույն դատարանի գլխավոր դատախազ Քսենի Դիմիտրիուն նշել է, որ ստորագրված փաստաթուղթն ընդգծում է նաև երկու պետությունների դատախազությունների միջև համագործակցության և գործընկերության հետագա ամրապնդման կարևորությունն ու կարիքը, ինչը պարտավորեցնում է գործուն քայլեր կատարել դրանով նախատեսված առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների և պետությունների: