Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն

03 Հուլիս, 2018 14:43
Հեղինակ՝ Սաթենիկ Ասիլյան
ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն

ԱԻ նախարարի մամլո խոսնակ Սաթենիկ Ասիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ս.թ. հուլիսի 2-ին «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է ՀՔԾ Մաշտոցի բաժին: Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ նշված օրը ինքը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին. նիստը ավարտվելուն պես հեռացել է «Օլիմպավան»-ից:

 Հիշեցնենք, որՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանը: 2018 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջակողմյան եզրային պնևմոթորաքս /կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն/, 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1968թ: Նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դ

եպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, քննչական բաժնի պետի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: 

50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Վերջինիս ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Էդուարդ Բաբայանը, ով վարույթն իրականացնող մարմնին ներկայացել է որպես Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կասկածյալի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին