Կարևոր իրադարձություններ

«Եթե նախկինում թողտվություններ են եղել, ապա դրանք այլևս չպիտի լինեն». «Փաստ»

03 Հուլիս, 2018 07:59
«Եթե նախկինում թողտվություններ են եղել, ապա դրանք այլևս չպիտի լինեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ փոխնախագահ Միաքայել Մելքումյանը Ստրասբուրգյան գագաթնաժողովին մասնակցելու պատճառով թեև մեկ շաբաթով բացակայել է հանրապետությունից, սակայն Հայաստանում տեղի ունեցող գործընթացներից անտեղյակ չէ: Նա այս ընթացքում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ միասին հանդիպել է նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյի, հանձնաժողովի այլ ներկայացուցիչների ու փորձագետների հետ, քննարկել ՀՀ «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունները:

«Փաստ» օրաթերթի հետ զրույցում Մ. Մելքումյանը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, և կարծում են, որ ռեյտինգային կոչվող այդ արատավոր համակարգը միանշանակ պետք է դուրս գա:

«Չնայած ես այս ընթացքում բացակայել եմ հանրապետությունից և անձամբ չեմ մասնակցել քննարկումներին, սակայն իմ տեղեկություններով՝ ձևավորված աշխատանքային խմբերում մոտեցումները նույնն են ռեյտինգային համակարգի մասին: Մեր կարծիքով, եթե այդ համակարգը դուրս գա, կհանգեցնի նրան, որ ընտրությունները կլինեն քաղաքական, ոչ թե տարածքային կամ այլ բնույթի: Ինչ վերաբերում է համամասնական ցուցակների փակ կամ բաց ներկայացնելուն, ապա, Հայաստանը փոքր երկիր է, և այսպես, թե այնպես, բոլոր կուսակցությունների ցուցակներում տարբեր տարածքներից անպայման ընդգրկվում են պատգամավորական թեկնածուներ»,– ասաց Մ. Մելքումյանը:

Նշելով ևս մեկ կարևոր հանգամանք՝ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ մեծամասնական կամ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրվողները հիմնականում տվյալ տարածքում չեն բնակվում: Նրանք հիմնականում ապրում են Երևանում կամ այլ վայրերում, ուստի այդ համակարգն ավելի քան ձևական բնույթ է ստանում: Խոսելով անցողիկ շեմը 5–ից 4 տոկոս իջեցնելու մասին՝ Մելքումյանն ասաց. 

«Հիմա ես զերծ կմնամ այդ մասին որևէ գնահատական տալուց, քանի որ պաշտոնապես ներկա չեմ եղել քննարկումներին: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների ժամկետներին, ապա, մեր կարծիքով, ընտրությունները չպետք է արհեստականորեն ոչ շուտ, ոչ էլ ուշ անցկացվեն: Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները նույնպես այդ կարծիքին են: Այսինքն, «Ընտրական օրենսգրքի» ընդունումից հետո քաղաքական ուժերը պետք է օրենքի պահանջները կյանքի կոչելու ժամանակ ունենան: Եվ, որպես կանոն, ողջամիտ է համարել, որ այդ ժամկետը մեկ տարին է»,– ասաց Մ. Մելքումյանը:

Խոսելով ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ կազմակերպելու մասին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ Հայաստանում միշտ չէ, որ օրենքները լիարժեք են գործել:

«Հայաստանն այն երկիրն է եղել, ուր միշտ չէ, որ օրենքներում գրվածը 100 %–ով ի կատար է ածվել: Բայց հիմա հուսանք, որ առաջիկա ընտրություններն իսկապես կասկած չեն հարուցի: Եվ եթե չհասցնենք մատնահետքի միասնական համակարգ ներդնել, ապա, կարծում եմ, կարող ենք թանաքի միջոցով մատնահետքը ֆիքսելու տարբերակին վերադառնալ: Բայց քանի որ ներկայում ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու մթնոլորտ է ձևավորվել, ապա պետք է ընդունել, որ դա նույնպես երաշխիք է, որ քաղաքական ուժերի միջև ընտրություններից առաջ այս հարցի մասին կոնսենսուս կլինի»,–ասաց Մ. Մելքումյանը:

Խոսելով վերջին շրջանում տեղի ունեցող ձերբակալությունների մասին՝ նա նշեց, որ քանզի ներկայում նախաքննություն է ընթանում, ուստի այս փուլում նա զերծ կմնա տեսակետ հայտնելուց, որովհետև դրա համար այս փուլում բավարար տեղեկություններ չկան: 

«Միայն կարող եմ ասել, որ օրենքի առջև պետք է բոլորը հավասար լինեն, անկախ նրանից, թե որ օրենքի մասին է խոսքը: Մեկ բան հստակ է, որ բոլորը պետք է հաշվի առնեն, որ եթե անգամ նախկինում թողտվություններ եղել են, ապա դրանք այլևս չպետք է լինեն: Զրույցի վերջում հավելեմ, որ Ստրասբուրգից վերադառնալիս 6 ինքնաթիռ հայեր էին գալիս Հայաստան: Այսինքն, ողջ աշխարհի հայությունը ոգևորված գալիս է մեր երկիր, և հիմքեր ունենք ասելու, որ ճիշտ քայլեր կատարելու դեպքում, կարող է մեր երկիրն աննախադեպ զարգացում ունենալ: Երկրորդ ամենակարևոր մարտահրավերը՝ Արցախի խնդիրը պետք է միայն ու միայն խաղաղ բանակցային պայմաններում ընթանա: Ստրասբուրգում, երբ Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հուսեյնովն ասաց, որ իրենք նավթ և գազ ունեն, ես իմ ելույթի ժամանակ ասացի, որ զրո է իրենց նավթն ու գազը, եթե իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի գիտակցում, թե իրավիճակը սրելու դեպքում ինչ հակահարվածներ կարող է ստանալ Արցախի Հանրապետության և ողջ ազգաբնակչության կողմից»,– ասաց Մ. Մելքումյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին