Կարևոր իրադարձություններ

Էթյեն Մահչուփյանը չի քվեարկի Թուրքիայի իշխող կուսակցության օգտին

23 Հունիս, 2018 13:31
Էթյեն Մահչուփյանը չի քվեարկի Թուրքիայի իշխող կուսակցության օգտին

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ հունիսի 24-ին կայանալիք ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) օգտին չի քվեարկելու, գրում է ermenihaber.am-ը:

«Karar» թերթում հրապարակած իր հոդվածում Մահչուփյանն այս մասին գրում է․ «Ես տասնվեց տարի շարունակ, եթե չհաշվենք հանրապետական կարգի վերաբերյալ հանրաքվեն, ընտրություններում քվեարկել եմ ԱԶԿ-ի օգտին։

Այդ նախապատվության համար երեք պատճառ ունեի․ առաջինը, որ մյուս այլընտրանքները չափազանց թույլ էին։ Երկրորդ, թեև ժամանակի ընթացքում ԱԶԿ-ն աստիճանաբար թուլացել էր, բայց դեռ որոշակի հնարավորություն կար վերադառնալու իր սկզբնական վիճակին։ Եվ երրորդ, ես կարծում էի, որ Թուրքիայում նկատվող ժողովրդական միտումները կարող են կայունանալ ու ամրապնդվել միայն այն դեպքում, եթե պահպանողականները ժողովրդավարական դառնան։

Այսօր պատկերը բոլորովին այլ է։ 2016թ․ հետո ԱԶԿ-ի դրսևորած վարքը բոլոր 3 չափանիշներն էլ անիմաստ դարձրեց։ Նախ Էրդողանի իշխանության օրոք կամայականություններին առաջնահերթություն տվող մեկ անձի կառավարման սկզբունքը և դրա հետ եկած օպորտունիստական մշակույթն անկարևոր դարձրեցին այլընտրանքների որակի հարցը։ Երկիրը հրատապ կարիք ունի նորմալ պայմանների վերադառնալու։ Այլևս որևէ հավանականություն չի մնացել, թե ԱԶԿ-ն կվերադառնա իր հիմնադրման պահի սկզբունքներին, կադրերին և բարոյական նախապատվություններին»։

Ամփոփելով այս վերլուծությունները՝ Մահչուփյանը հավելում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է «Saadet» կուսակցության, իսկ նախագահական ընտրություններում՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի օգտին։

 

Լրահոս

Դիտել ավելին