Կարևոր իրադարձություններ

Արման Եղոյանն արձագանքել է նախագահ Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի և «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ հարցերին

21 Հունիս, 2018 14:20
Արման Եղոյանն արձագանքել է նախագահ Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի և «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ հարցերին

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի, ինչպես նաև «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին «Արմենպրես»-ի հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանն ամբողջությամբ.

«Արմենպրես» – Հունիսի 18-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային հանդիպումների նպատակով մեկնել է արտերկիր եւ պատրաստվում է պաշտոնական ձևաչափով մի շարք հանդիպումներ ունենալ Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում: Արդյո՞ք այս այցերը համաձայնեցված են ՀՀ վարչապետի հետ:

Արման Եղոյան – ՀՀ Սահմանադրության 146 հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է, որ պետության արտաքին քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ Կառավարությունը եւ հետեւաբար յուրաքանչյուր պետական պաշտոնյայի արտաքին քաղաքական գործունեություն պետք է համաձայնեցված լինի կառավարության, նրա ղեկավարի՝ ՀՀ վարչապետի հետ եւ տեղի ունենա նրա համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Հայաստանի Հանրապետության նախագահի՝ արտաքին քաղաքականության հետ առնչություն ունեցող այցերը պետք է դիտարկել հենց վերը նշված համատեքստում:

«Արմենպրես» – Վերջին օրերին Ազգային Ժողովում «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը բուռն քննարկումների առիթ դարձավ: Բայցևայնպես փոփոխությունների նախագիծն ընդունվեց, ինչպես ասվեց, քննարկումների և կոմպրոմիսի միջոցով: Կպարզաբանեի՞ք, թե ինչ կոմպրոմիսների մասին է խոսքը:

Արման Եղոյան – Տվյալ օրենսդրական փոփոխության գործընթացում կառավարության գործողությունների տրամաբանությունը որեւէ փոփոխություն չի կրել եւ օրենքը ընդունվել է հենց այն բովանդակային իմաստով, ինչը նախատեսված է եղել ի սկզբանե:

Համենայնդեպս կառավարությունը որեւէ կոմպրոմիսի չի գնացել, որովհետեւ նման կոմպրոմիսի կարիք չի տեսել:

 

Լրահոս

Դիտել ավելին