Կարևոր իրադարձություններ

«Օլիգարխ դպրոցներն» ունեցել են ստվերային աջակցություն և մրցակցությունից դուրս են թողել այլ դպրոցների. ԿԳ նախարար (տեսանյութ)

20 Հունիս, 2018 22:37
«Օլիգարխ դպրոցներն» ունեցել են ստվերային աջակցություն և մրցակցությունից դուրս են թողել այլ դպրոցների. ԿԳ նախարար (տեսանյութ)

Չեխովի դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր. այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա անդրադարձել է այսպես կոչված «օլիգարխ դպրոցներին», որոնք ունեցել են իշխանության ստվերային աջակցությունը, պարբերաբար գովազդվել են ու այլ դպրոցների մրցակցությունից դուրս են թողել:

«Երկար տարիներ եղել են էսպիսի դպրոցներ, որոնք դաշտում ունեցել են արտոնություններ, այսինքն` մարդիկ կարողացել են որոշ դեպքերում առանց արտոնագրի գործել դաշտում, եւ երբ որ համապատասխան կառույցները ցանկացել են այնտեղ ստուգումներ անցկացնել, կամ հասկանալ` ինչպես են աշխատում, միանգամից զանգ է եղել համապատասխան գրասենյակներից եւ ասել են` էդ դպրոցների հետ գործ չունեք: Դա տարածված երեւույթ է եղել: Հիմա, երբ որ իշխանափոխություն է տեղի ունեցել, համապատասխան վարչությունները, նաեւ մեր աջակցությունը ստանալով, էդ բոլոր գործերը սկսել է վերանայել, էն բոլոր տեղերը, որտեղ նրանց թույլ չեն տվել մուտք գործել եւ արձանագրել խախտումները, գնում են եւ սկսում են արձանագրել»,-ասել է նա:

Նախարարը տեղեկացրել է, որ Չեխովի անվան 55 հիմնական դպրոցը չի ունեցել տարրական հանրակրթական ծրագրի լիցենզիա, իսկ իշխանափոխությունից հետո դիմել են և մերժումներ են ստացել:

«Այս դպրոցը 1-4 դասարաններում կրթություն իրականացնելու իրավունք չի ունեցել և չունի բավարար պայմաններ, 5-9-րդ դասարանների իր լիցենզիան նախատեսված է եղել 710 հոգու համար, բայց ունեցել են 900 աշակերտ, էլ չասենք տարրական դպրոցի մասին»,-ասել է նախարարը:

Նա նշել է, որ «օլիգարխ դպրոցները», որոնք ունեցել են իշխանության ստվերային հսկողությունը, լիցենզիայի թվով նախատեսվածից ավելի շատ աշակերտներ են ունեցել, գովազդվել են՝ մյուս դպրոցներին մրցակցությունից դուրս թողնելով:

«Պետությունից ամեն աշակերտի համար մեծ գումարներ են ստացել՝ լիցենզիայից ավելի աշակերտներ ընդունելով, մեծ գումարներ են կուտակել»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Նախարարը խոստացել է, որ ԿԳՆ-ն այս հարցին հետամուտ է լինելու:

 

Լրահոս

Դիտել ավելին