Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ խմբակցությունը փակ նիստ է գումարել՝ Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով

19 Հունիս, 2018 11:11
ՀՀԿ խմբակցությունը փակ նիստ է գումարել՝ Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը փակ նիստ է գումարել, որի ժամանակ քննարկվել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանին  պատգամավորական մանդատից զրկելու հարցը: 

Նշենք, որ Ազգային ժողովն այժմ նույն հարցովարտահերթ նիստ է անցկացնում։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: 

Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման: 

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը ունի նաև սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին