Կարևոր իրադարձություններ

Միայն անցած շաբաթ մեզ մոտ եղել է մոտ 50 հազար այցելու. Ռուբեն Աբրահամյան

14 Հունիս, 2018 18:56
Միայն անցած շաբաթ մեզ մոտ եղել է մոտ 50 հազար այցելու. Ռուբեն Աբրահամյան

Aysor.am-ը այսօր գրել էր, որ, ըստ իրենց աղբյուրների, Երեւանի Կենդանաբանական այգում նախորդ տարեվերջին եւ այս տարվա ընթացքում երկու տասնյակից ավելի կենդանիներ, այդ թվում՝ բացառիկ, սատկել են ծանր հիվանդությունից, սակայն այդ իրողությունն այգու տնօրինությունը հանրությունից գաղտնի է պահել։ «Սատկած կենդանիների թվում են ուղտայծեր (լամաներ) դավթի եղջերու, որն ընդգրկված է բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում, կամերունյան այծ, որը երեւանյան կենդանաբանական այգում եղել է դեռեւս 2012 թվականից, այծյամ (կխտար), ինչպես նաեւ այլ կենդանիներ ու թռչուններ»,- նշված էր կայքի հրապարակման մեջ։

Հարցի առնչությամբ պարզաբանում ստացանք Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանից:

- Պարոն Աբրահամյան, մամուլում տեղեկություն է տարածվել, որ նախորդ տարեվերջին եւ այս տարվա ընթացքում երկու տասնյակից ավելի կենդանիներ, այդ թվում՝ բացառիկ, սատկել են ծանր հիվանդությունից, սակայն այդ իրողությունն այգու տնօրինությունը հանրությունից գաղտնի է պահել, ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

- Դուք քանի՞ վայրկյանում ինձ գտաք եւ հետս կապ հաստատեցիք: Բնականաբար, այգին 1942 թվականից գործում է եւ հազարավոր կենդանիներ անկած կլինեն:

- Անցած տարեվերջին եւ այս տարեսկզբին կենդանիների ի՞նչ քանակությամբ անկում եք ունեցել եւ ինչի՞ց են կենդանիները սատկել:

- Հունվար-փետրվար ամիսներին եղել է տուբերկուլյոզի վարակ, ինչի պատճառով եղել է անկում, որը չգիտեմ ինչու այսօր են հիշել:

- Իսկ հիմա այլ կենդանիների չի՞ սպառնում այդ վտանգը:

- Եթե դա որեւէ կենդանու սպառնար, բնականաբար կսպառնար նաեւ դրա խնամողին, բնականաբար կսպառնար նաեւ այցելուին: ՏՈՒԲ դիսպանսերից եկել են, բոլոր կենդանիներին եւ աշխատողներին զննել են, վարակի հետագա տարածումը հարյուր տոկոսով ժխտվել է: Այսինքն, բացառվել է, որ կարող է վարակը հետագա տարածում ունենալ, դրանից հետո այգին սկսել է իր բնականոն հունով աշխատել:

Միայն անցած շաբաթ մեզ մոտ եղել է մոտ 50 հազար այցելու, հունիսի 1-ին միայն մեծահասակների համար վաճառվել է 10 հազար տոմս, հիմա ի՞նչ եք կարծում, եթե այդ վարակը լիներ, Հայաստանում` Երեւանում, ի՞նչ մասսայականությամբ այդ տուբերկուլյոզը կտարածվեր:

- Դրա մասին հանրությանը տեղեկացրե՞լ եք:

- Իսկ ինչո՞ւ պետք է հանրությունը տեղեկացվեր դրա մասին: Լրագրողները պիտի հետաքրքրվեին, մենք էլ պատասխանեինք: Հետաքրքրվող չի եղել, դրա համար չենք էլ պատասխանել: Բայց այդ ինֆորմացիան ընդանրապես չի կարող գաղտնի լինել, մի քանի փաստարկ բերեմ: Եթե մարդը շահադիտական նպատակ չունի ինչ-որ տեղից կորած բանը այսօր հրապարակելու, այլ նա մտահոգ է կենդանաբանական այգու կենդանիների կեցությամբ, նա մի քանի տեղից այդ ինֆորմացիան կարող էր ճշտել: Նախ կենդանաբանական այգուց, երկրորդը ՏՈՒԲ (հակատուբերկուլյոզային) դիսպանսերներից, որը անպայման նման դեպքերում տեղեկացնում է, որպեսզի, եթե կա կենդանիների մոտ տուբերկուլյոզի վիրուս, հանկարծ չտարածվի աշխատողների եւ այցելուների վրա: Այդ միջոցառումները արվել են, ՏՈՒԲ դիսպանսերից եկել են, աշխատողներին ստուգել են, տեսել են, որ վարակի տարածման վտանգ չկա, ամբողջ հիգիենիկ պրոցեդուրան կատարվել է, դրանից հետո այգին իր բնականոն հունով աշխատել է:

Թե ինչո՞ւ հանրությանը չենք տեղեկացրել, դրա տեղեկացնելու կարիքը չկար` չենք տեղեկացրել, եթե լրագրողները դրանով չեն հետաքրքրվում, այգուն դա ոչ մի ձեւով պետք չի, այդ լուրի տարածման իմաստը կասե՞ք:

- Իսկ կենդանատեսակների եւ քանակի առումով ճի՞շտ է նշված:

- Այո, հրապարակման մեջ մոտավորապես ճիշտ է նշված, բայց էլի եմ ասում, զարմանալի է, թե ինչու են հիշել այս դեպքի մասին 5 ամիս հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին