ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Այվազովսկի 29 հասցեի դիմաց մի խումբ անձինք բռնություն են գործադրել բողոքի ակցիային մասնակից անչափահասների նկատմամբ:
Մասնավորապես՝ անչափահասները բողոքի ակցիայի շրջանակներում փակել են փողոցի աջակողմյան երթևեկելի հատվածը, որի ժամանակ մոտեցել է «Տոյոտա Կորոլլա» մակնիշի գերմանական համարանիշի մի ավտոմեքենա։ Ավտոմեքենայի վարորդի, ուղևորների և անչափահասների միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ վերջիններիս նկատմամբ կիրառվել են բռնություններ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով նրանց մարմնի տարբեր մասերին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. Ս.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գ.Ազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, Ս.Բաղդասարյանին և Վ.Մխիթարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: