Կարևոր իրադարձություններ

Իրավապահների առաջնահերթ պարտականություններից մեկը պետք է լի­նի ապօրինի զենքերը հայտնաբերելն ու առգրավելը․ «Ժողովուրդ»

09 Հունիս, 2018 09:26
Իրավապահների առաջնահերթ պարտականություններից մեկը պետք է լի­նի ապօրինի զենքերը հայտնաբերելն ու առգրավելը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սևանում՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակում, երեկ հնչած կրակոցներն առանց վարանելու կարելի է որակել վենդետայի հերթական դրսևորում: 2017 թ. հունվարի 7-ին սպանվել էր Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը: Սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Մեխակ Հարությունյանը, ում դատավարությունն էր երեկ: Եվ ահա մինչ դատը սկսվելը մեղադրյալի ու սպանվածի հարազատների միջև վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով: «Ժո­ղովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որևէ զոհ չի եղել, այլ միայն մեկ հոգի է վիրավորվել:

Պետք է արձանագրել, որ սա վենդետայի հերթական դրսևորումն է. նախորդ տարի կրակոցներ էին հնչել նաև Երևանում Վերնիսաժի և հարող տարածքում, այն ժամանակ էլ ալավերդցի քրեական հեղինակություններն էին որոշել իրենց հին հարցերը լուծել զենքով:Նման դեպքեր եղել են նաև ավելի վաղ ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մյուս բնակավայրերում:

Երեկ տեղի ունեցածը հերթական ահազանգն է այն բանի, որ իրավապահ համակարգը շատ անելիքներ ունի կանխարգելիչ գոր­ծողություններ իրականացնելու և արյունահեղությունները բացառելու ուղղությամբ: Իսկ այդ հարցում առաջնահերթ քայլերից մեկն էլ կարող է լինել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը:


Համաձայնեք, ՀՀ ոստիկանապետ Օսիպյանն ու ԱԱԾ պետ Վանեցյանն ի պաշտոնե գիտեն կամ կարող են իմանալ, թե որ պաշ­տոնյաների, պատգամավորների, օլիգարխների, քրեական ու թաղային հեղինակությունների, նրանց մերձավոր ազգականների մոտ կա ապօրինի զենք-զինամթերք: Այնպես որ, հիմա իրավապահների առաջնահերթ պարտականություններից մեկը պետք է լի­նի ապօրինի զենքերը հայտնաբերելն ու առգրավելը: Այս հարցում իր անելիքն ունի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ի վերջո ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իր ենթակայության ներքո են գործում, հետևաբար ինքը կարող է խիստ հրահանգ իջեցնել՝ հետևելով հանձնարարությունների կատարման ընթացքին»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին