Կարևոր իրադարձություններ

Հարցերին հերթո՞վ են պատասխանում, թե՞ «տակից». «Փաստ»

09 Հունիս, 2018 09:01
Հարցերին հերթո՞վ են պատասխանում, թե՞ «տակից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարության կողմից վերջերս շրջանառության է դրվել մի նախագիծ, որը նախատեսում է լուծարել համատիրությունները և փոփոխությունների ենթարկել դրանց իրավահարաբերությունները կարգավորող դրույթները: 

 

Ի՞նչ, ինչպե՞ս և ինչո՞ւ: «Փաստ»–ը նախագծի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ նախարարության մամլո ծառայությունից: Սակայն, ինչպես մեզ տեղեկացրին, թեմային տեղյակ մասնագետն արդեն այլ լրատվամիջոցների հետ պայմանավորվածություն ունի հարցազրույցներ տալու վերաբերյալ: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը մասնավորապես նշեց, թե խնդիրն այն է, որ նույն մարդը երեք լրատվամիջոցի հարցազրույցներ է տալիս այդ նույն թեմայով, բոլորը հետաքրքրված են, այդ պատճառով էլ չի հասցնի: Նաև հավելեց, թե կարող է հարցազրույց կազմակերպել առաջիկա շաբաթվա ընթացքում: 

Մինչ մենք ու էլի այլ լրատվամիջոցներ հերթի մեջ կսպասենք, հարց է ծագում՝ ամբողջ նախարարությունում նշված թեմային մի՞թե միայն մեկ մարդ է քաջատեղյակ, մի՞թե նա միայնակ է այդ նախագիծը մշակել: Մինչդեռ նախարարությունում, ըստ իրենց կայքի, 2016 թ. հաստիքացուցակով 326 հաստիք կա, իսկ օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչությունում՝ 12: Քանի որ խորհրդային ժամանակների հանգվույն «տակից» ու հերթով սկզբունքը արդիական է դառնում, իսկ օպերատիվությունը յուրաքանչյուր լրատվամիջոցի համար առաջնային է, փորձենք հնարավորինս հանրամատչելի ներկայացնել նախագծի էությունը: 

Նախևառաջ՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել առավել մասնագիտացված կառավարման մոդել, այն է՝ կառավարումն իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի միջոցով, ինչի արդյունքում համատիրությունները լուծարվելու են: 

Համատիրությունների լուծարման համար անցումային դրույթներով նախատեսվելու է ժամկետ՝ 6 ամիս, որպեսզի սեփականատերերը կառավարման մարմին ընտրեն: Մինչ այդ գործելու են համատիրությունները:

Բազմաբնակարան շենքի պահպանման և կառավարման, ինչպես նաև պարտադիր վճարների կատարման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆինանսական աջակցության ստացման հնարավորություն է սահմանվել:

 

Ինչպես հայտնի է, համատիրությունը բազմաբնակարան շենքի սեփականատերերի անդամության վրա հիմնված կազմակերպություն է, որում, սակայն, սեփականատերերը մեծամասամբ մեկուսացված են բազմաբնակարան շենքերի կառավարման մասնակցությունից: 

Բազմաբնակարան շենքի կառավարումը իրականացվում է սեփականատերերի հանրության կողմից սեփականատերերի ժողովի միջոցով, որն ինքն է որոշելու պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների չափը: Նախագծով սեփականատերերի համար ամրագրվել է պարտադիր աշխատանքների կատարմանն ուղղված գումարների վճարման պարտականություն: Պարտադիր վճարների չվճարման դեպքում, բացի քաղաքացիաիրավական և դատական մեխանիզմներից, նախատեսվել է նաև անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից սեփականատիրոջ դիմումի հիման վրա անշարժ գույքի միավորի կամ դրա մասի նկատմամբ որևէ իրավունքի գրանցման մերժում: Կառավարչի կողմից պատշաճ կառավարում չիրականցնելու դեպքում սահմանվել է վարչական պատասխանատվություն, իսկ կառավարման խորհրդի համար՝ քաղաքացիաիրավական:

Կառավարչի լիազորությունների ժամկետը չի կարող անսահմանափակ լինել: Նա իր լիազորություններն իրականացնելու է պայմանագրով սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց ավելի լինել։

Բազմաբնակարան շենքում պարտադիր նորմերը պահպանելու կամ այլ աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ ծախսերը պետք է նախատեսվեն տվյալ շենքի համար կազմված տարեկան տնտեսական ծրագրով: Ծրագիրը կազմվելու է կառավարման մարմնի կողմից և ներկայացվելու է սեփականատերերի հաստատմանը:

Նախագծով նախատեսվում է նաև բազմաբնակարան շենքի բանկային հաշիվ և պահուստային ֆոնդ ձևավորելու պարտականություն: Հաշիվը վարելու է կառավարման մարմինը, միաժամանակ հաշվի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հասանելի է լինելու բոլոր սեփականատերերին, որոնք էլ հսկողություն են իրականացնելու հաշվի վարման նկատմամբ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին