Կարևոր իրադարձություններ

«Ավրորա»-ի հերոսները Ծիծեռնակաբերդում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

07 Հունիս, 2018 18:45
«Ավրորա»-ի հերոսները Ծիծեռնակաբերդում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հերոսները Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դրեցին՝ հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Մրցանակակիրները Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էին այցելել հունիսի 7-ին: 

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելն ինձ համար շատ հանդիսավոր պահ էր : Դա շատ էմոցիոնալ և տպավորիչ էր մեզ համար»,-ասաց Սունիտա Քրիշնան:  Սա Սունիտայի առաջին այցն էր Հայաստան:

Նշում է՝ հիացած է հայերի հյուրընկալությամբ և սիրով:

   «Ավրորա» 2018-ի մյուս մրցանակակիր Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն Ծիծեռնակաբերդը սուրբ վայր համարեց:

«Շատ ուժգին մի բան զգացի այստեղ: Եվ ամենակարևորն այն է, որ հայ ժողովուրդը կարողացել է վերածնվել»,-ասաց նա:  Չո Լա Աուանը նշեց՝ շատ տխուր է ցեղասպանված մարդկանց համար:

«Ինչպես գիտեք՝ ռոհինջաները հիմա ևս կանգնած են ցեղասպանության վտանգի առաջ: Սակայն մենք չենք կարող ունենալ նման հուշահամալիր: Դա շատ ցավալի է ինձ համար»,-ասաց նա ու հավելեց՝ հայերն իսկապես շատ հյուրընկալ և բարեհամբույր են: 

«Ավրորա»-ի մրցանակակիրները նաև շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան շատ արժեքավոր նմուշների և լսեցին դրանց պատմությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին