Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի բժիշկներին հաջողվել է կրծքագեղձի քաղցկեղը բուժել թերմինալային փուլում

06 Հունիս, 2018 23:25
ԱՄՆ-ի բժիշկներին հաջողվել է կրծքագեղձի քաղցկեղը բուժել թերմինալային փուլում

Ամերիկացի գիտնականներին նոր բուժընթացի օգնությամբ հաջողվել է կնոջը փրկել կրծքագեղձի քաղցկեղից, որն անցել էր թերմինալային փուլ: Նոր թերապիայի շրջանակներում կնոջ արյան մեջ ներմղել են 90 մլրդ իմունային բջիջներ, տեղեկացնում է BBC-ին:

Երկու տարի առաջ բժիշկները Ֆլորիդայի նահանգի բնակչուհի Ջուդի Փերքինսին ասել Էին, որ նրան երեք ամիս Է մնացել ապրելու: Այսօր նրա օրգանիզմում քաղցկեղային ուռուցքի հետք իսկ չկա:

ԱՄՆ-ի Քաղցկեղի ուսումնասիրության ազգային համալսարանից գիտնականների թիմն ասում Է, որ բուժումը դեռեւս փորձարարական Է, բայց ապագայում կարող Է վերափոխել այն, թե աշխարհում ընդհանրապես ինչպես են բուժում քաղցկեղը:

Ջուդիին ախտորոշել էին կրծքագեղձի քաղցկեղ՝ թերմինալային փուլում, որն արագորեն տարածվում էր. ստանդարտ մեթոդներով բուժման համար չափազանց ուշ էր:

Ջուդիի լյարդի մեջ թենիսի գնդակի չափի ուռուցքներ էին, նրա ամբողջ մարմնում մետաստազներ էին: «Թերապիան անցնելուց մեկ շաբաթ անց ես սկսեցի ինչ-որ բան զգալ: Ես զգում էի, թե ինչպես է իմ կրծքի ուռուցքը փոքրանում»,-պատմում է նա:

«Եվս մեկ կամ երկու շաբաթ անց այն ամբողջովին անհետացավ»:

Այսօր Ջուդին օրերն անցկացնում է հեռավոր արշավներում: Վերջերս նա ավարտել է հնգօրյա ուղեւորությունը Ֆլորիդայում:

Նոր տեխնոլոգիան անվանում են «կենդանի դեղամիջոց»: Պատրաստուկն ստանում են պացիենտի սեփական բջիջներից՝ քաղցկեղի ուսումնասիրման համաշխարհային առաջատար կենտրոններից մեկում:

«Մենք խոսում ենք բուժման ամենաանհատականացված ձեւի մասին, որը միայն կարելի է պատկերացնել»,-ասում է համալսարանի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար դոկտոր Սթիվեն Ռոզենբերգը:

Տեխնոլոգիան դեռեւս փորձարարական է, եւ դրա կիրառությունն ավելի լայնորեն սկսելուց առաջ անհրաժեշտ է կատարել ընդգրկուն թեստավորում, բայց ահա ինչպես է այն աշխատում. նախ հարկավոր է ուսումնասիրել թշնամուն:

Յուրաքանչյուր պացիենտի ուռուցքը հետազոտում են գենետիկ մակարդակով՝ որոշելու այն մուտացիաները, որոնց շնորհիվ կարելի է քաղցկեղը «տեսանելի» դարձնել մարդու իմունային համակարգի համար:

Ջուդիի դեպքում նրա ուռուցքի մեջ նույնականացվել են 62 գենետիկ անոմալիաներ, որոնցից չորսը գիտնականները կարողացել են օգտագործել ուռուցքի վրա գրոհելու համար:

Հաջորդ փուլը որսն է: Պացիենտի իմունային համակարգն արդեն գրոհում է քաղցկեղի վրա, բայց տանուլ է տալիս:

Ուստի բժիշկները հետազոտում են լեյկոցիտները պացիենտի արյան մեջ եւ դրանցից առանձնացնում նրանք, որոնք կարող են պայքարել քաղցկեղի դեմ:

Այնուհետեւ լաբորատորիաներում հսկայական քանակություններով ստեղծվում են նման սպիտակ բջիջներ:  49-ամյա Ջուդիի օրգանիզմ է ներմղվել մոտավորապես 90 միլիարդ նման բջիջ:

«Մուտացիաները, որոնք քաղցկեղի պատճառն էին, դառնում են նրա աքիլեսյան գարշապարը»,-ասում է դոկտոր Ռոզենբերգը:

Սրանք մեկ պացիենտի բուժման արդյունքներն են, եւ որպեսզի մեթոդիկան հաստատվի, անհրաժեշտ են հետագա ընդգրկուն ուսումնասիրություններ: Քաղցկեղի դեմ պայքարելու համար իմունոթերապիայի օգտագործման խնդիրն այն է, որ առանձին պացիենտների համար այն հրաշքներ է գործում, իսկ մեծամասնության վրա չի ազդում:

«Ընթացակարգը գտնվում է գիտափորձի փուլում, մենք առայժմ միայն սովորում ենք դա ճիշտ անել, բայց պոտենցիալ առումով ապագայում այն կարելի կլինի կիրառել ցանկացած քաղցկեղի նկատմամբ»,-ասում է դոկտոր Ռոզենբերգը:

«Առջեւում մեծ աշխատանք կա անելու, բայց քաղցկեղի բուժման մեջ առկա է պարադիգման դեպի յուրաքանչյուր պացիենտի համար եզակի պատրաստուկի մշակում տեղաշարժելու հնարավորությունը. սա շատ է տարբերվում բուժման մյուս տեսակներից»,-հավելում է նա:

Ամբողջությամբ հետազոտությանը կարելի է ծանոթանալ Nature. հանդեսում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին