Կարևոր իրադարձություններ

Արարատի նորանշանակ մարզպետը չի իրականացնի «կադրային ջարդ»

06 Հունիս, 2018 19:49
Արարատի նորանշանակ մարզպետը չի իրականացնի «կադրային ջարդ»

Արարատի մարզպետարանում «կադրային ջարդ» չի սպասվում, սակայն որոշ փոփոխություններ, այնուամենայնիվ, կլինեն:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Կադրային ջարդ, որպես այդպիսին, աշխատակազմի մասով չի լինելու, լինելու են մեկ-երկու վարչությունների պետերի փոփոխություններ, որոնցից դժգոհություններ կան դեռևս շատ վաղուց: Ինչ վերաբերում է հայեցողական պաշտոններին՝ մարզպետի տեղակալներ, խորհրդականներ, օգնականներ, միանշանակ գալու է իմ թիմը, որի հետ ես պատրաստվում եմ աշխատել: Կտեսնենք, եղածների մեջ ովքեր կան, որ տարիների փորձ ունեն, որ կարող են մեզ օգտակար լինել: Միանշանակ չէ, որ բոլոր տեղակալները, խորհրդականները, օգնականները լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Կարող են լինել անկուսակցականներ, կարող է նախկինում այլ կուսակցության ներկայացուցիչ լինել, դա կապ չունի»,- նշեց մարզպետը:

Նա շեշտեց, որ իրենց պետք են խելացի, գիտակ, պոտենցիալ ունեցող մարդիկ

 

Անդրադառնալով հարցին, որ Արարատի մարզում կան Հանրապետական կուսակցությունից գյուղապետեր, և արդյո՞ք նրանցից որևէ մեկը ցանկություն հայտնել է անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Սարգսյանը պատասխանեց, որ դեպքեր եղել են, սակայն իրենք մերժել են:

«Դեռ երկու շաբաթ առաջ եղել է դեպք, երբ ցանկացել են անդամագրվել «Քաղաքացիական պայմանագրին», սակայն մենք մի փոքր նուրբ ենք մոտենում այդ հարցին, շատ սկզբունքային ենք այդ հարցերում: Նայում ենք մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրություններին այդ համայնքի ղեկավարն իրեն ինչպես է դրսևորել: Ցանկացած քաղաքացու անդամագրվելու հետ կապված մենք շատ սկզբունքային ենք, քանի որ ընտրակաշառքի բաժանման դեպքեր են եղել, այդպիսի մարդիկ տեղ չունեն կուսակցության շարքերում»,- նկատեց մարզպետը:

Մինչև ԱԺ արտահերթ ընտրություններն իր գործունեության վերաբերյալ հարցին Սարգսյանը պատասխանեց, որ իրենց մոտ հիմա գյուղատնտեսական շրջան է և  քաղաքական հարցերով մի փոքր ավելի քիչ են զբաղվելու:

«Այս պահին Արարատի մարզում զբաղվելու ենք ոռոգման ջրի խնդիրների լուծելու և բերքի իրացումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Եթե բողոքներ չլինեն, պատշաճ կազմակերպվի գյուղատնտեսական սեզոնը, դա մեզ համար, կարելի է ասել, հիանալի քարոզարշավ կլինի»,- եզրափակեց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին