Կարևոր իրադարձություններ

Ոռոգման ջրի համակարգը խայտառակ վիճակում է. «Փաստ»

06 Հունիս, 2018 09:35
Ոռոգման ջրի համակարգը խայտառակ վիճակում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ոռոգման համակարգն անմխիթար վիճակում է գտնվում: Ամեն տարի հողօգտագործողները խնդրի առաջ են կանգնում: Եղած ջուրը դաշտերին չի հասնում, քանի որ ոռոգման ցանցն անբարեկարգ է: Մոտավոր հաշվարկով, մաշված խողովակների պատճառով ջրի կորուստը մոտ 80 տոկոս է կազմում:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը «Փաստ»–ի հետ զրույցում ասաց՝ ջրի կորուստները նվազեցնելու համար ֆինանսական մեծ գումարներ են անհրաժեշտ: «Խողովակները քանդեցին տարան, որոշ մարդիկ հարստացան, իսկ գյուղացին մնաց առանց ջուր: Մնացածն էլ մաշված է ու ոչ պիտանի: Խայտառակ վիճակ է»,– ահազանգեց նա: Բացի սա, փորձագետը նշեց, որ ջրային ռեսուրսի առյուծի բաժինը ձկնաբուծարաններին է բաժին հասնում: Շատ դեպքերում էլ սխալ կառավարման պատճառով Հայաստանի գետերի ջրերը հոսում են դեպի Ադրբեջան և Թուրքիա: Նրա կարծիքով՝ պետք է նաև ջրօգտագործողների ընկերությունների աշխատանքի բնույթը փոխել, այս ամենին զուգահեռ՝ սակագինը նվազեցնել:

«Ամեն անգամ գյուղացիներն ինձ հարցնում են, թե ջրի հարցը ո՞նց է լուծվելու: Սեզոնին, երբ ջուր էր լինում, մինչև գյուղացին փողը չտար, ջուր չէին տալիս, թողնում էին ջուրն ինքնահոս գնա: Այս աշխատելաոճը պետք է վերանայվի»,– կարևորեց Սեդրակյանը:

 Նա գտնում է, որ ջրային համակարգում կադրային փոփոխությունների կարիք ևս կա: «Ջրպետկոմի ղեկավարը պետք է ջրից հասկացող լինի: Կարեն Կարապետյանը գազավիկին բերել էր ջրային համակարգում էր նշանակել, որը ջրից չէր հասկանում: Չի կարելի, մասնագետներ պետք է աշխատեն»,– մատնանշեց մեր զրուցակիցը:

Նոր կառավարությունը պատրաստվում է ոռոգման ջուրը,ինչպես էլեկտրաէներգիան, բոլորին հասանելի դարձնել: Սարգիս Սեդ­ րակյանի խոսքով՝ եթե քաղաքական կամք ու գումար լինի, խնդիրները կկարգավորվեն: Ջուր տնտեսելու համար դեռևս նախորդ իշխանությունը կիրառության մեջ է դրել ոռոգման կաթիլային համակարգը: Նախա­ տեսվում է ոռոգման կաթիլային համակարգի ներդրման վարկերը սուբսիդավորել: Անկախ պետության աջակցության չափից, Սարգիս Սեդրակյանի համոզմամբ, ծրագիրն ավելի շատ միֆ է հիշեցնում:

«Կաթիլային ոռոգման համակարգը բավականին թանկ հաճույք է, գյուղացին փող չունի, չգիտեմ՝ այդ փողն ո՞վ է տալու: Կարեն Կարա­ պետյանը, որը գյուղատնտեսությունից բան չէր հասկանում և գրպանում լիքը փող կար, միայն մեծ– մեծ խոսում էր: Երկրորդ՝ մեր ոռոգման ջուրը մաքուր չէ: Երբ այդ սիստեմը գործի, ջուրը կգա և ցանցի անցքերը լրիվ կփակի, անընդհատ պոմպերի վրա պետք է ֆիլտրեր դրվեն»,– խնդիրները ներկայացրեց նա: Բացի այս ամենը, կաթիլային համակարգը ոչ բոլոր մշակաբույսերի դեպքում է կիրառելի: Առավել արդյունավետ է բանջարեղենի ոռոգման դեպքում, իսկ ահա հացահատիկային կուլտուրաների դեպքում՝ ոչ:

Գյուղացիներին ջրով ապահովելու համար այսօր խոսվում է նաև անձրևացման համակարգի մասին: Նորույթը փորձագետը լավ բան է համարում: Այն մեր երկրում որոշ տեղերում կիրառվում է: Նա, սակայն, այստեղ ևս խնդիրներ է տեսնում: 

«Նախ, դա պետք է կիրառվի խոշորացված հողերի դեպքում: Նախկին կոլխոզ, սովխոզների ժամանակ այն գործածվում էր: Հիմա փոքր հողակտորներ ունենք՝ 1 հեկտար, 2,5 հեկտար, դա այստեղ ձեռք չի տալիս: Այն նպատակահարմար է օգտագործել ոչ լեռնային պայմաններում»,– նշեց նա:

Ջրամբարների լցվածությունն էլ այս տարի հուսադրող չէ: Անձյուն ձմեռը ջրի ամբարները կիսադատարկ է թողել: Հիմա մասնագետների հույսը միայն անձրևն է: Հուսով են՝ վերջին տեղումնառատ ամիսը բարենպաստ հետևանքներ կթողնի, հակառակ դեպքում գյուղատնտեսությունը վտանգի տակ կհայտնվի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին