Կարևոր իրադարձություններ

Կառավարության ծրագիրը քննարկելու կարիք անգամ չունի. «Փաստ»

06 Հունիս, 2018 08:30
Կառավարության ծրագիրը քննարկելու կարիք անգամ չունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով կառավարության կողմից ներկայացված ծրագիրը ոչ թե տնտեսական բնույթ ունի, այլ քաղաքական: Եվ դա է պատճառը, որ այնտեղ թվերով արտահայտված «մտքեր» առանձնապես չկան: Եվ, որ առ այսօր նախորդ կառավարությունների կողմից ներկայացված ծրագրերն ընկալվել են առաջին հերթին որպես տնտեսական ծրագրեր, այսինքն՝ ռազմավարական–հայեցակարգային, բայց հիմա պետք է գիտակցել, որ ներկա փուլում այն ընդամենը մեկ հարց է փորձում լուծել:

 

«Կառավարության ծրագրի առաջին դրույթից հասկանալի է դառնում, որ այն մասնավորապես արտահերթ ընտրությունների կազմակերպմանն է վերաբերում: Դա ուղղակի նշանակում է, որ կառավարության գերխնդիրը արտահերթ ընտրությունների կազմակերպման միտում ունի: Եվ քանի որ մնացած դրույթներում թվեր և ժամկետներ չկան, որի պատճառով էլ այն շատերի կողմից որակվել է որպես բարի կամքի դրսևորում, այնուամենայնիվ կառավարության ծրագիրն ընդհանուր առմամբ կարելի է ընդունելի համարել»– համոզված է Բ. Պիպոյանը: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ գործ ունենք ժամանակավոր կառավարության հետ, նշում է հ/կ նախագահը: Ուստի, այն պետք է ապագայի մասին պատկերացումների ձևակերպումների տիրույթում ընկալել, որոնք վաղը կամ մյուս օրը օրենսդրական գործիքակազմի կիրառմամբ կյանքի են կոչվելու: Չնայած այդ լավատեսությանը, Պիպոյանը նշեց, որ այն անգամ սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից փորձագիտական քննադատությանը, մեղմ ասած, չի դիմանա: «Մասնավորապես «սպառող» տերմինի բացակայությունն ու սպառողի անվտանգությանը վերաբերող դրույթների բացակայությունն ինձ համար ամենացավալին են: Ու թեև դրանք ածանցյալ են տնտեսական ծրագրին, սակայն չէին կարող ներկայացված չլինել: «Բարի կամքերի» մասին, այո, կան ձևակերպումներ, որոնք ինձ համար, մեղմ ասած, տարօրինակ էին, քանի որ օրինակ գյուղատնտեսության ոլորտում հեղափոխություն անելն այդքան էլ հեշտ բան չէ, կամ այս ոլորտի վերաբերյալ այնպիսի մտքեր են շարադրված, որոնք, մեղմ ասած, իրատեսական չեն: Այս ոլորտում բարի ցանկություններից ու հեղափոխական մտքերից պարզ չի դառնում, թե հեղափոխությո՞ւն կլինի, եթե մենք որոշենք, որ վաղվանից նարինջ ենք աճեցնելու մեր երկրում, թե՞ մեկ այլ բան: Բայց ինչ էլ որ նկատի ունեցած լինեն, ակնհայտ է, որ դրանք, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում դժվար իրագործելի բաներ են, էլ չեմ ասում, որ արագ իրագործելն ուղղակի անհնարին է»,–ասաց Բ.Պիպոյանը:

Խոսելով ծրագրի սպառողների պաշտպանությանը վերաբերող հարցերի մասին, նա նկատել է, որ «սպառող» բառն ընդհանրապես չկա: «Այսինքն, այս մասով կարելի է ասել՝ ամեն ինչ ասված է: Սննդի անվտանգությանը վերաբերող բլոկն ընդհանրապես բացակայում է: Բայց ես դա ո՛չ վրիպում, ո՛չ էլ բացթողում եմ ընկալում և կարծում եմ, որ նման հար­ ցեր քննարկելու ժամանակը չէ, որի պատճառը մեկն է՝ նորից եմ կրկնում. կառավարության կողմից ներկայացվածը մենք պետք է ոչ թե որպես տնտեսական, այլ քաղաքական ծրագիր ընկալենք»,–ասաց Բ. Պիպոյանը:

Հարցին, թե համաձա՞յն է Հրանտ Բագրատյանի այն մտքին, թե ծրագիրը պոպուլիստական է, հ/կ ղեկավարն ասաց, որ դա բնորոշ է քաղաքական ծրագրերին: 

«Որ օրը կասեն, որ ծրագիրը քաղաքական չէ, այդ օրը զանգահարեք ինձ ու տեսեք, թե դա ինչ է: Ի դեպ, ես չեմ բացառում, որ ներկայացվածը ընդամենը ընտրություններից առաջ իրենց ներկայացվելիք ծրագիրն է, որով նրանք հետագայում պատրաստվում են կառավարություն ձևավորել: Շատ կարևոր մեկ հանգամանք ևս: Մենք մինչ օրս չգիտենք, թե ձևավորված կառավարությունը համաձայնությունների վրա հիմնված կառավարությո՞ւն է, կոալիցիոն կառավարությո՞ւն է, ազգային համաձայնության կառավարությո՞ւն է, թե՞ մեկ այլ: Այն նույ­ նիսկ ժողովրդի իշխանություն չի կարող լինել, քանի որ չնայած ունենք ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, բայց մենք չգիտենք, թե վարչապետի կաբինետը քաղաքական համաձայնության հիման վրա՞ է ձևավորվել, թե՞ մեկ այլ տրամաբանությամբ: Հետևաբար, իմ կարծիքով, այս ծրագիրը քննարկելու անգամ կարիք չկա, քանի որ այն ոչ թե քաղաքական թիմի ծրագիր է, այլ ժամանակավոր կառավարության ծրագիր, ինչը, իմ կարծիքով, մեկնաբանության կարիք չունի»,–ասաց Բ. Պիպոյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին