Կարևոր իրադարձություններ

Հակված ենք պետությունից գողացված գումարները բյուջե վերադարձնել. Արթուր Վանեցյան

04 Հունիս, 2018 19:51
Հակված ենք պետությունից գողացված գումարները բյուջե վերադարձնել. Արթուր Վանեցյան

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ խոշոր սուպերմարկետների կողմից հարկային չարաշահումների բացահայտումից հետո ձերբակալվածներ չկան:  Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրենն ընդգծեց, որ իրենք հակված չեն մարդկանց ձերբակալել ու նստեցնել: «Մենք ավելի հակված ենք պետությունից շրջանցված կամ գողացված գումարները վերադարձնել պետական բյուջե»,- նշեց Վանեցյանը՝ շեշտելով, որ իրենք ունեն բոլոր մեղավորներին պատժելու քաղաքական կամք:

Արթուր Վանեցյանը հավաստիացրեց՝ ցանկացած պաշտոնյա ներկա, թե նախկին, ով կհայտնվի իրենց  տեսադաշտում և լինեն բավարար հիմքեր  պատասխանատվության ենթարկելու, կենթարկվեն պատասխանատվության:

Վանեցյանը նշեց, որ հաճախ ասում են՝ այս կամ այն գործի հետևում կանգնած է այս կամ անձը, սակայն հավելեց, որ իրավական առումով ապացուցել այդ ամենը բավական բարդ է:  «Եվ քրեական  հոդվածը, որով հարուցվում են քրեական գործերը, նախատեսում է, որ պետական միջոցների վնասը վերականգնելու դեպքում քրեական գործը կարճվում է: Դա մենք չենք անում կամայական, դա ես չեմ որոշում, որ մենք չենք նստեցնելու, ուղղակի քրեական հոդվածն է: Եթե մարդը վերականգնում է պետբյուջեի գումարները, ուղղակի ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- մանրամասնեց ԱԱԾ տնօրենը:

Անդրադառնալով պաշտոնյաներին, որոնց իմացությամբ իրականացվել են հարկային չարաշահումները՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ քննությունը շարունակվում է: «Կլինեն քննչական վարչություն հրավիրվածներ, քննությունը ցույց կտա՝ նրանք քրեական գործում կներգրավվեն որպես մեղադրյալներ, թե ոչ: Խոսքը և նախկին, և ներկա պաշտոնյաների մասին է: Բայց այդ ամենը պետք է քննությունը ցույց տա»,- եզրափակեց ԱԱԾ տնօրենը:

 

Լրահոս

Դիտել ավելին