Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի ծեծկռտուքի բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, պատասխանատվություն են կրելու. Դավիթ Բաբայան

04 Հունիս, 2018 15:00
Ստեփանակերտի ծեծկռտուքի բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, պատասխանատվություն են կրելու. Դավիթ Բաբայան

Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքում ներգրավված բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, սոցիալական կարգավիճակից, անպայման  պատասխանատվություն են կրելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ հանրային հնչեղություն ստացած միջադեպին և դրանից հետո Արցախի մի խումբ քաղաքացիների կողմից հունիսի 2-ից նախաձեռնած բողոքի ակցիաներին: Բաբայանը ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի այս խնդիրը լուծվի իրավական դաշտում:

«Ցանկացած այդպիսի դեպք պետք է անպայման բացահայտվի և համապատասխան պատիժ կրեն այն  մարդիկ, ովքեր  մեղավոր են դրա համար: Այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ չկա, և այդ բողոքողների մեծամասնությունը այդ մոտեցումն է կիսում, որ եղել է դեպք և իրավական դաշտում պետք է համապատասխան աշխատանքները տարվեն: Սա միանշանակ է», - ասաց  Բաբայանը:

Նրա խոսքով` խնդրի հանգուցալուծումը կարևոր է իրավական, քաղաքական և բարոյական  տեսանկյուններից: «Իրավականը տեսանկյունից անպայման պետք է տրվի  համապատասխան գնահատական, և այսպիսի արարքները չեն կարող անպատիժ մնալ: Բնական է, որ պետք է տարվի համապարփակ հետաքննություն և բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, սոցիալական կարգավիճակից, անպայման  պատասխանատվություն են կրելու: Բոլորը հավասար են օրենքի առջև, սա իրավական կարևորագույն հրամայականն է: Քաղաքական տեսանկյունից` մենք ժողովրդավարական, իրավական պետություն ենք, և իշխանությունները պարտավոր են քաղաքական կամք ցուցաբերել ու իրավական պետության բոլոր հատկանիշները պահպանել անվերապահորեն:

Բարոյական տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի այսպիսի երևույթներ ընդհանրապես տեղի չունենան: Այսինքն` ոչ միայն լինի անխուսափելի պատիժ, այլ  նաև համապատասխան բարոյահոգեբանական  մթնոլորտ տիրի հասարակությունում, որպեսզի այսպիսի միջադեպերը առհասարակ բացառվեն: Սա բոլորի պարտքն է և առաջին հերթին՝ իշխանությունների, ինչպես նաև հասարակության ցանկացած անդամի: Սա, իրոք, կարևորագույն առաջադրանք է և մարտահրավեր իրավական, քաղաքական և բարոյական հարթություններում, որի ուղղությամբ և իշխանությունը, և հասարակությունը անելու են հնարավորը»,- շեշտեց Բաբայանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Լրահոս

Դիտել ավելին