Կարևոր իրադարձություններ

Դիարբեքիրում հայերը տեղաբնիկներ են․ Դեմիրթաշ

02 Հունիս, 2018 00:08
Դիարբեքիրում հայերը տեղաբնիկներ են․ Դեմիրթաշ

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, կուսակցությունից նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը խոսել է կուսակցության անդամ, պատգամավոր Կարո Փայլանի՝ այս անգամ Դիարբեքիրից պատգամավորի թեկնածու առաջադրվելու մասին։

  Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի հետ զրույցում Դեմիրթաշը շեշտել է, որ անցյալում մեծ հայկական բնակչություն ունեցող Դիարբեքիրում այսօր Կարո Փայլանի առաջադրումը «պատասխանն է ցավոտ պատմությանը»։ 

«Կարոն վայել է Դիարբեքիրին, Դիարբեքիրն էլ՝ Կարոյին։ Դիարբեքիրի կենտրոնն անցյալում շատ բազմազգ, բազմամշակույթ է եղել։ Սակայն 1915-ի Հայոց ցեղասպանության ու դրան հաջորդած տարիներին տեղի ունեցածը ավերեցին Դիարբեքիրի այդ պատկերը։ Մինչ 1980-ականները Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում ապրում էին հայ ընտանիքներ։ Նույնիսկ իմ մանկության տարիներին Դիարբեքիրում շարունակում էին հայեր ապրել։

Սակայն 1980-90-ականների ճնշումներն իրենց տներից վտարեցին անգամ այս «վերջին հայերին»։ Հայերը Դիարբեքիրում հյուր չեն, տեղի բնիկներն են։

Կարոյի՝ Դիարբեքիրից պատգամավորի թեկնածու առաջադրվելն այս առումով իմաստալից պատասխան է ցավոտ պատմությանը», – ասել է Դեմիրթաշը։  Ավելի վաղ Դեմիրթաշը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում թուրք-հայկական սահմանը կբացվի՝ առանց որևէ նախապայմանի։ 

«Կվերացվի Հայաստանի հանդեպ կիրառվող տնտեսական շրջափակումը, կզարգացվեն անհրաժեշտ քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները, Թուրքիայի կողմից միակողմանի կերպով փակված հայ-թուրքական սահմանը կբացվի՝ առանց նախապայմանների։ Մենք նաև կաջակցենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա արցախյան հիմնախնդրի՝ խաղաղ ճանապարհով լուծման ջանքերին»,- նշված է Դեմիրթաշի նախընտրական ծրագրում։

 

Լրահոս

Դիտել ավելին