Կարևոր իրադարձություններ

Ովքեր են այս տարվա լավագույնները. Շաբաթի TOP 10

26 Դեկտեմբեր, 2015 12:52
Ովքեր են այս տարվա լավագույնները. Շաբաթի TOP 10

Ամփոփելով տարին, ներկայացնում ենք այն հայերին,ովքեր աչքի են ընկել իրենց գործունեությամբ՝ ամենատարբեր ոլորտներում: Եվ այսպես.

10. SOS. (Տարվա նախագիծ)

Համացացն իրար խառնած SOS-ը ամենահամարձակ ու դիպուկ մտքերն արտահայտեց ողջ տարվա ընթացքում: Կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերելով, նախագիծը դարձավ ամենասպասվածն ու քննարկվածը: SOS-ի եթերները «սթափեցրին» ոչ միայն հասարակությանը, այլ նաև ոստիկանների մի խմբի, ովքեր դատի տվեցին նախագծի տղաներին՝ իբրև թե հասցրած վիրավորանքի համար: Ամենասուր կարծիքներն ու մեկնաբանությունները հնչեցնող Վիլեն Գայֆէջյանն այսօր մարմնավորում է նոր սերնդի համարձակությունը, իսկ նախագիծը սուր մտքերի, համառության ու համարձակության շնորհիվ դառնում է տարվա լավագույնը: 

9.Լևոն Զուրաբյան (Տարվա ընդդիմադիր)

Հավատարիմ մնալով իր ընդդիմադիր կեցվածքին, ՀԱԿ-ի երկրորդ Լևոնը տարվա ընթացքում  բավականին հաճախ էր առաջ անցնում առաջին Լևոնից ու ստվերում մյուս ընդդիմադիրներին ևս: Հեգնելով իշխանություններին ու տալով ամենադաժան հարցերը,Լևոն Զուրաբյանն իր տեղն էր նախապատրաստում ամենաընդդիմադիրների շարքում: Այսօր արդեն ՀԱԿ խմբացկության ղեկավարը գրավում է մեր տասնյակի տարվա ընդդիմադիրի տիտղոսը, իսկ առանձին անհաջողությունները, թեև ունեցել են իրենց էական նշանակությունը, սակայն, ըստ էության, արդեն անցյալում են: Նոր տարին կարող է վերջապես հնարավորություն տալ այդքան սպասված իշխանափոխության ծրագրի եթե ոչ իրականացման, ապա գոնե մի լավ կշռադատելու և անցյալից դասեր քաղելու համար:

8. Արթուր Սաքունց (Տարվա իրավապաշտպան)

Ամենահամարձակ ու իմաստուն իրավապաշտպանը ողջ տարվա ընթացքում չլռեց և ոչ մի անարդարության ու ապօրինության մասին: Դաժանաբար, բայց օբյեկտիվորեն քննդատելով իշխանություններին, Սաքունցը մշտապես իրադարձությունների կիզակետում է ու մինչ բոոլորը առաջ են քաշում ամենատարբեր վարկածները, նա լռում է ու վերլուծում իրավիճակը: Ամենախելացի ու սուր վարկածները հետագայում սկիզբ են առնում հենց նրանից: Սուրիկ Խաչատրյանից մինչև Պերմյակով. ամենհակասական ու ծայրահեղ գործերում նա ունի իր ուրույն տեսակետն ու մոտեցումը և հենց դրանով էլ բավականին հաճախ խաղում է շատերի թույլ նյարդերի հետ: Մանրամասնորեն վերլուծելով յուրաքանչյուր պատճառահետևանքային կապ, նա գիտի ով ինչ արեց ու ինչի համար և դրա համար էլ արժանանում է մեր տասնակի տարվա իրավապաշտպանի կոչմանը:

7. Արթուր Մեսչյան (Տարվա արվեստագետ)

Մեսչյանն այն եզակի արվեստագետն ու մտավորականն է, ով ողջ 2015թ.-ի ընթացքում անդավաճան մնաց սեփական սկզբունքներին: Պահպանելով իր ընդդիմադիր կեցվածքը, նա պահպանեց նաև իր հանդիսատեսի սերն ու հարգանքը, մնալով նույնքան սպասված, որքան նախորդ տարիներին էր: Հեղինակելով Կոմիտաս վարդապետի  անվան թանգարանի նախագիծը, նա զբաղվեց նաև դրա ճարտարապետությամբ, որի արդյունքում այս տարվա հունվարին Երևանն ունեցավ այդ գեղեցիկ ու կոլորիտային շինությունը: Ծավալած գործունեությունն ու ցուցաբերած սկզբունքայնությունը Մեսչյանին դարձնում են տարվա արվեստագետ:  

6.Հենրիխ Մխիթարյան (Տարվա սպորտսմեն)

2015թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը , բնականաբար, մեր տասնյակի լավագույն սպորտսմենն է: Արդեն վեցերորդ անգամ նվաճելով լավագույնի տիտղոսը, Մխիթարյանը վստահ քայլերով առաջ է գնում և վաղուց արդեն միայն հայ երկրպագուների սիրելին չէ:  Հանդես գալով գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբում որպես կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագը ճանաչված է ողջ աշխարհում և սիրված տարբեր երկրների ֆուտբոլասերների կողմից:  Ինքն էլ խոստավանելով, որ այս տարի հաջողակ է, Մխիթարյանը գրանցում է մի նոր հաղթանակ՝ գրավելով իր տեղը տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրակում: 

5.Արամ Ա. Կաթողիկոս (Տարվա հոգևորական)

Մեր օրերում խիստ հազվադեպ է հանդիպում օրինակելի ու մարդասեր հոգևորականի տեսակը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, հենց այդ տեսակի ամենավառ օրինակն է, ով ապրիլի 28-ին, դատական հայց ներկայացնելով Թուրքիայի Սահմանադրական դատարան և պահանջելով Սիսի իր պատմական կաթողիկոսարանի վերադարձը, ևս մեկ անգամ ողջ աշխարհի ուշադրությունը գրավեց հայկական հարցի վրա: Շատ տպավորիչ էր այս տարի նրա խոսքն ու ուղերձը ողջ հայությանը, ինչպես հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի սրբադասման արարողությանը նրա մասնակցությունը: Ունեցած համարձակության, իմաստության և առաքինության շնորհիվ էլ, Արամ Առաջինը համարվում է իր ժամանակի խոշորագույն եկեղեցական-հասարակական գործիչներից մեկը, ում, իրավմամբ, կարելի է համարել տարվա հոգևորական:

4.Քիմ Քարդաշյան (Տարվա աստղ)

Մինչ գավառամիտների մի ողջ բանակ քննարկում ու քննադատում էր Քարդաշյանների այցը Հայաստան, ադեկվատ ու քաղաքակիրթ հասարակության ներկայացուցիչները ոչ միայն հանգիստ էին տանում նրա վերադարձն իր արմատներին, այլ նաև ուրախ էին դրա համար: Քարդաշյանն այս տարի առավել քան երբևէ աշխարհի ուշադրությունը գրավեց մեր փոքրիկ հողակտորի ու խնդիրների վրա: Նա ամենատարբեր ամբիոններից հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը երբեք չպետք է մոռացվի ու դրա համար մինչ օրս անում է գործնական քայլեր: Ապրելով Ամերիկայում բավականին բազմաբովանդակ կյանքով, Քիմն, այնուամենայնիվ, չի մոռանում իր արմատները, հոր պատմությունն ու խոստանում փոխանցել այն իր երեխաներին: Քաջ գիտակցելով, որ կարող է ուշադրություն գրավել հայերի մեծագույն խնդրի վրա, նա երբեք անգործ չի նստում, ավելին՝ նա այս տարի այդ գործում ներառեց  նաև իր աշխարահահռչակ ռեփեր ամուսնուն, ով, կարծես թե, հարմարվել է Հայաստանի փեսան լինելու փաստին:

3.Սերժ Թանկյան (Տարվա սփյուռքահայ)

Երգիչ-երգահան ու հասարակական գործիչ Սերժ Թանկյանը աշխարհահռչակ է բոլոր առումներով։ Հայ երիտասարդների մի ողջ սերնդի ոգեշնչող ամերիկահայ System of a Down ռոք խմբի առաջատար մեներգիչը աշխարհին ներկայացնում հայերին ու հայության խնդիրները: Թանկյանն ամուր կապված է Հայաստանին իր ունեցած հասարակական ակտվիության շնորհիվ՝ չնայած այն հանգամանքին, որ ապրել ու կայացել է հայրենքից հեռու: Հայկական սփյուռքի ամենատիպիկ ներկայացուցիչներից մեկը System of a Down ռոք խմբի համաշխարհային համբավն ուղղեց Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին: Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին միջազգային շրջագայության շրջանակներում խումբն «արթնացրեց» հազարավոր հայերի ու օտարերկրացիների հոգիները:

2.Ռուբեն Վարդանյան(Տարվա բարերար)

Չապրելով Հայաստանում ու չլինելով ՀՀ քաղաքացի, գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը մշտապես փորձել է մեծ  ներդրումներ ու կամք պահանջող իր տարբեր նախաձեռնություններով  Հայաստանում ապրողներին վերադարձնել հաճույքով ապրելու հնարավորությունը:  Նրա IdeA հիմնադրամի տարբեր նախագծերը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը,  Տաթևի ճոպանուղու կառուցումով սկիզբ առնող վերածննդի ծրագիրը, «100 կյանք» մեծածավալ նախագիծը, ըստ Ռուբեն Վարդանյանի, սկիզբ են առել երազանքից: «100 կյանք» նախագծով Վարդանյանն ու իր թիմը երախտագիտություն են  հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են հայերին 100 տարի առաջ և  ում ջանքերով տապալվել է Ցեղասպանության նախաձեռնողների հիմնական նպատակը՝ հայ ժողովրդի բնաջնջումը:  Անցյալի, ներկայի ու ապագայի միջև խորհդավոր կապ հանդիսացող այս նախագծի շնորհիվ աշխարհը մեկ անգամ ևս իր ուշադրությունը սևեռեց Հայաստանի ու հայերի վրա: Այս ամենը Ռուբեն Վարդանյանին, արդարացիորեն, դարձնում են լավագույնը բարերարների մեջ:

1.Ազատ Ասոյան (Տարվա հերոս )

Արցախի առաջնագծում հակառակորդի դիվերսիոն խումբը հետ մղելիս զոհված Ազատ Ասոյանի սխրանքի դեմ ժամանակն անզոր է: Մինչ օրս չի մոռացվել ոչ նրա, ոչ էլ նրա ընկերների պատմությունը: Հայ զինվորները ինչպես նախորդող տարիներին, այնպես էլ հիմա, անառիկ է պահում հայրենիքի սահմանը: Յուրաքանչյուր զինվորի մահը Հայաստանի ու Արցախի ժողովրդի համար մեծ ողբերգություն ու միևնույն ժամանակ ավելի ուժեղ ու հավաքական լինելու պատճառ է դառնում: Զորացրվելուց 10 օր առաջ զոհված ջոկի 20-ամյա հրամանատար Ազատ Ասոյանն այն հավաքական կերպարն է բոլոր հայ զինվորների, ովքեր նրանից առաջ ու հետո ընկան՝ հանուն հայրենիքի պաշտպանության: Եվ հենց նրանցն է բոլոր հնարավոր տասնյակների ամենապատվավոր տեղն ու կոչումը:

Անշուշտ, ողջ տարվա ընթացքում եղել են շատերը, ովքեր իրենց գործունեության համար ևս արժանի են կոչումների, սակայն այս անվանակարգերում լավագույնների տեղերն արդեն զբաղեցված են:

Շաբաթի թղթակցակազմի ու իր դիտարկումները ամփոփեց և ներկայացրեց
Տիգրան Գալստյանը

 

 

Լրահոս

Դիտել ավելին