Կարևոր իրադարձություններ

«Դու՛ Եվրոպա, վախենում ես Էրդողանից». թուրք լրագրողի պատասխանը ֆրանսիական «Le Point» ամսագրին

26 Մայիս, 2018 23:16
«Դու՛ Եվրոպա, վախենում ես Էրդողանից». թուրք լրագրողի պատասխանը  ֆրանսիական «Le Point» ամսագրին

Թուրքական «Yeni Şafak» իշխանամետ թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը կոշտ արձագանք է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետ անվանած ֆրանսիական «Le Point» հայտնի հանդեսին: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Քարագյուլը թեմայի վերաբերյալ գրած հոդվածում պնդել է, որ ֆրանսիական հանդեսը գումարի դիմաց է Էրդողանի պատկերով շապիկին զետեղել «ԲռնապետըՈրքան հեռուկգնա Էրդողանը» գրությունը:

Թուրք հայտնի լրագրողը պնդել է, որ Եվրոպան խորտակվելու է իր հպարտության պատճառով՝ ասելով.

«Դու՛ Եվրոպա, խորտակվելու ես գոռոզությանդ երեսից, խորտակվելու ես այլ ժողովուրդներին չհարգելու համար»:

Ըստ Քարագյուլի՝ Եվրոպան վախենում է իրենցից:

«Դու՛ Եվրոպա, վախենում ես մեզանից, մեր ազգից, Էրդողանից, Թուրքիայի ընտրած նոր ուղուց: Վախենում ես մեծ հաշիվներին մաս չկազմելուց, առաջատար չլինելուց: Քեզ ժողովրդավարությունը, ազատությունն ու մարդու իրավունքները չեն, որ ստիպում են Էրդողանին բռնապետ անվանել: Դու դրանք չես էլ կարևորում: Դու դրանք վաճառում ես միայն: Քեզ այս վիճակին վախն է հասցրել, Եվրոպա»:

Ըստ թուրք լրագրողի՝ Եվրոպայի կողմից բռնապետ անվանվող Էրդողանին աշխարհը սիրում է, այնինչ Եվրոպայի բնութագրումներին՝ կասկածում:

«Բոլորն էլ գիտեն, որ քո «ճիշտ է» ասածը իրականում սուտ է, իսկ «սուտ է» ասածը՝ ճիշտ»,- ասել է թուրք իշխանամետ լրագրողը:

Հիշեցնենք, որ ֆրանսիական «Le Point»  հայտնի հանդեսը հերթական համարի շապիկին պատկերել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ անելով հետևյալ գրությունը՝

«Բռնապետը. 

Որքան հեռու կգնա Էրդողանը»։

Թեմայի առնչությամբ ավելի վաղ մեկնաբանություն է արել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ  Քալընը։

«Մենք լավ գիտենք նմանատիպ հարձակումների նպատակը։  Արդեն անցել են այն օրերը, երբ Թուրքիան ձեզանից հրահանգ էր ստանում։ Բռնապետ ասելով՝ հնարավոր չէ վերադարձնել այն օրերը»,-նշել է  Քալընը «Twitter»-ում կատարած գրառման մեջ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին