Կարևոր իրադարձություններ

«Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ»

26 Մայիս, 2018 08:29
«Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով, երկրում ստեղծվել է «էքստրաօրդինար իրավիճակ», ուստի այս պահին դժվար է ասել, թե երբ հնարավոր կլինի խոսել խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Կանխատեսելի է, որ ՀՀԿ–ականները փորձելու են ինչքան հնարավոր է ընդդիմանալ դրան, բայց ոչ թե այն ամբողջությամբ բացառելու ենթատեքստով, այլ նոր իրավիճակում նոր ընտրություններին ավելի կազմակերպված մասնակցելու և դրանից հնարավորինս շատ օգուտ քաղելու ակնկալիքով: Եվ որքան ուշ տեղի ունենան նոր խորհրդարանական ընտրությունները, այնքան ՀՀԿ–ն իր ակտիվում կկարողանա ավելի շատ դիվիդենտներ հավաքել և օգտագործել ներկա կառավարության դեմ: Այս մասին գիտեն նաև ներկա իշխանությունները: Եվ գուցե հենց դա է պատճառը, որ զգուշավորությունից ելնելով՝ սկսել են ավելի քիչ շփվել լրագրողների հետ, ինչն էլ տարբեր մեկնաբանությունների առիթ կարող է դառնալ: Այսքանը՝ դեռ մի կողմ:

Մյուս կողմից էլ ԱԺ «Ելք» խմբակցության ներսում է կարծես անառողջ մրցակցություն սկսվել խմբակցության ղեկավարի թեկնածուի շուրջ: Եվ ինչքան էլ հասկանալի են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների ՝ բոլոր հնարավոր տեղերում ղեկավարությունն իրենց ձեռքը վերցնելու ամբիցիաները, սակայն կա մի բայց, որից այն կողմ անցնելը կարող է նույնիսկ վնասակար լինել սեփական «առողջության» համար: Խոսքը մաս ն ա վ ո ր ա պ ե ս Ա Ժ « Ե լ ք » խմբակցության ղեկավար ընտրվելու մասին է, և որքան էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը փորձում է հավասարակշռություն պահպանել և ցույց չտալ, որ խմբակցությունում իրավիճակը թեժ է, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը ամենևին էլ չի թաքցնում, որ խմբակցության ղեկավարի աթոռին նա մի- այն ու միայն իրեն է տեսնում: Այդ առիթով նա տեսակետ է հայտնել, թե խմբակցության բոլոր անդամներն էլ իրավունք ունեն հավակնելու խմբակցության ղեկավարի պաշտոնին, իսկ որոշումը կկայացնեն, երբ բոլորը հավաքվեն նույն սեղանի շուրջ:

Լենա Նազարյանը նաև ասել է, որ «Ելք»–ում բոլոր որոշումները կայացվել են կոնսենսուսով, ոչ թե թվային մեծամասնությամբ և հույս է հայտնել, որ այդ ճանապարհով կկայացվի նաև խմբակցության ղեկավարի ընտրության մասին որոշումը: Ու թեև Էդմոն Մարուքյանը քաղաքական զգուշավորություն ցուցաբերելով՝ սկսել է խոսել խմբակցության ղեկավարի պաշտոնի բեռ լինելու մասին, սակայն չի վարանել նաև հիշեցնել իր մերձավորներին, որ երբ խմբակցության ղեկավար են ընտրել, թեկնածուները եղել են միայն երկուսը՝ ինքն ու Նիկոլ Փաշինյանը, և այն ժամանակ որոշում է կայացվել ընտրել Փաշինյանին: «Հիմա իմ թեկնածությունը ևս քննարկվում է, կարող են լինել նաև այլ թեկնածուներ: Կքննարկենք, կհասկանանք»,– ասել  է պատգամավորը:

Եթե ասվածին հավելենք նաև «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի՝ Երևանի քաղաքապետ դառնալու չհաջողված ամբիցիան, ապա կարող ենք ենթադրել, որ նա նույնպես կարող է խմբակցության ղեկավար դառնալու հավակնություններ ունենալ: Այսինքն, չբավարարված ամբիցիաները կարող են կոմպենսացվել խմբակցության ղեկավարի պաշտոնը նրան տալով: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, այս հարցը դեռ շատ ջուր կտանի և այդ պաշտոնի համար ընթացող պայքարը կծավալվի ոչ միայն ԼՀ և ՔՊ կուսակցությունների միջև, այլև ՔՊ–ի ներսում: Ուստի կարելի է կանխատեսել, որ այնուամենայնիվ խմբակցության ղեկավարի աթոռը կրկին կզբաղեցնի ՔՊ ներկայացուցիչը, բայց թե ով, այս պահին դժվար է կանխատեսել:

Մնում է միայն հավելել, որ այս պահին «Ելք» խմբակցության 9 պատգամավորներից 5–ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են, 3–ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը ընդամենը մեկ ներկայացուցիչ ունի, ով նաև կուսակցության ղեկավարն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին