Կարևոր իրադարձություններ

Նախագահ Սարգսյանն իր վրացի գործընկերոջ հետ հանդիպմանը հայ-վրացական երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես բարիդրացիական եւ գործընկերային

26 Մայիս, 2018 00:20
Նախագահ Սարգսյանն իր վրացի գործընկերոջ հետ հանդիպմանը հայ-վրացական երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես բարիդրացիական եւ գործընկերային

Վրաստանի նախագահի հրավերով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Մարգվելաշվիլիին՝ Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա ասել է, որ մի քանի օրից Հայաստանը եւս կնշի Առաջին Հանրապետության 100-ամյակը։ Նախագահի խոսքով, երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ նաև այսօր:

Նախագահ Սարգսյանը հայ-վրացական երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես բարիդրացիական եւ գործընկերային, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ փոխվստահության մթնոլորտում։ «Ավանդական բարեկամության և մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախա­դրյալ­ներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախա­նշելու համար»,-ասել է Հայաստանի ղեկավարը։

Երկու երկրների նախագահները խոսել են նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների եւ հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Նրանք վստահություն են հայտնել, որ կողմերը համատեղ ջանքերով ի զորու են ոչ միայն պահպանել եղածը, այլև նոր ազդակ հաղորդել փոխշահավետ համագործակցությանը՝ այն բարձրացնելով որակապես նոր մակարդակի:


Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի Նախագահը հրավիրել է իր վրաց գործընկերոջն՝ այցելել Հայաստան։ 

 

Լրահոս

Դիտել ավելին