Կարևոր իրադարձություններ

Ինչու Ալեն Սիմոնյանն այլևս չէր կարող լինել ավագանու անդամ. մեկնաբանում են մասնագետները

24 Մայիս, 2018 17:57
Ինչու Ալեն Սիմոնյանն այլևս չէր կարող լինել ավագանու անդամ. մեկնաբանում են մասնագետները

Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին հայտարարել էր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին: Նա այդ մասին տեղեկացրել էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ գրելով. « Հարգելի՛ պարոն Մարգարյան, տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համապատասխան դիմել եմ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ: Սույնով հավաստում եմ, որ հրաժարվելով ԱԺ պատգամավորի մանդատից, պահպանում եմ Երևան քաղաքի ավագանու անդամի մանդատը»:

Առաջին հայացքից, թվում է, ամեն ինչ օրենքի տառին համապատասխան է, սակայն իրավաբանների շրջանում այս դիմումն իրարամերժ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել:

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դեպքում էլ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները չեն վերականգնվում:

«Մեկ շաբաթ դարձել է պատգամավոր, հետո փոշմանել է, բայց արդեն ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել են: Երբ նա ստացել է պատգամավորական մանդատը, դրանից 3 օրվա ընթացքում մեխանիկորեն դադարեցվում են ավագանու անդամի լիազորությունները: Եթե նա անգամ հրաժարվում է իր պատգամավորական մանդատից, ավագանու անդամի իր լիազորությունները չեն վերականգնվում»,- ասաց Վարդան Այվազյանը:

Փաստաբան Պայծառ Քոչարյանի կարծիքով՝ Ալեն Սիմոնյանը՝ որպես պատգամավոր,  պարտավոր էր հրաժարվել ավագանու անդամի իր լիազորություններից.

«Ստեղծվել է իրավաբանորեն չհիմնավորված վիճակ, երբ անձը միևնույն ժամանակ ստացել է պատգամավորի մանդատ՝ հանդիսանալով ավագանու անդամ, այսինքն՝ անձը երկու ընտրովի պաշտոն է զբաղեցրել միաժամանակ: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Ալեն Սիմոնյանը՝ որպես պատգամավոր, պարտավոր էր ապահովել պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարումը, այսինքն՝ հրաժարվել ավագանու անդամի իր լիազորություններից:

Մեկնաբանելով դիմումը՝ կարող եմ ասել, որ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է քաղաքապետին, որ ինքն այս պահին պատգամավոր է»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ այստեղ տարակարծություն կարող է լինել, քանի որ հստակ չէ, թե Ալեն Սիմոնյանի՝ քաղաքապետին ուղղած փաստաթուղթն օրենքով սամհանված դիմում է առ այն, որ նա պատգամավորի մանդատ է ստացել, թե պարզապես տեղեկանք, որ ինքը հրաժարվում է պատգամավորի մանդատից:

Քաղաքապետին ուղղած դիմումը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք նաև փաստաբան Երվանդ Վարոսյանին:  Հարցին՝ արդյո՞ք այդ դիմումով Ալեն Սիմոնյանը տեղյակ է պահում, որ ունի Երևանի ավագանու անդամի հետ անհամատեղելի պաշտոն, փաստաբանը պատասխանեց. «Ո՛չ, նա տեղյակ է պահում, որ հրաժարվում է անհամատեղելի պաշտոնից»:

Դիտարկմանը՝ այդ դեպքում քաղաքապետն իրավասու է Ալեն Սիմոնյանին զրկելու մանդատից, քանի որ վերջինս ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում իրեն այդ մասին գրավոր չի տեղեկացրել, փաստաբանն արձագանքեց. «Անկախ նրանից՝ ինչ է գրված օրենքում, եթե օրենքն է խոչընդոտում անձին այս երկու անհամատեղելի պաշտոններից հրաժարվել մեկ օրվա մեջ, դրա բացասական հետևանքները անձը չպետք է կրի»:

Ազգային ժողովի պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Ռուստամ Մախմուդյանի խոսքով էլ՝ քաղաքապետին ուղղված փաստաթղթով Ալեն Սիմոնյանը չի տեղեկացնում, որ ունի ավագանու անդամի մանդատի հետ անհամատեղելի պաշտոն, այլ հայտնում է այդ պաշտոնից հրաժարվելու մասին:

«Դրանք տարբեր հարաբերություններ են: Ենթադրենք՝ նա աշխատանքի է անցել արդարադատության նախարարությունում, ապա պետք է քաղաքապետին տեղեկացնի, որ այլ աշխատանքի է ընդունվել: Իմ պատկերացմամբ՝ երբ նա ասում է, որ հրաժարական է տվել, դա լրիվ այլ բան է»,- ասաց նա ու հավելեց, որ հրաժարականի մասին դիմումն Ալեն Սիմոնյանը պետք է ընդամենն ԱԺ նախագահին գրեր և վերջ:

Ամփոփելով բոլոր չորս մասնագետների մեկնաբանությունները՝ կարելի է եզրակացնել, որ ճիշտ է, Ալեն Սիմոնյանը ցանկացել է հրաժարվել պատգամավորական մանդատից, բայց քանի որ վերցրել է այդ մանդատն ու պատշաճ ընթացակարգով այդ մասին չի տեղեկացրել քաղաքապետին, այսինքն՝ դիմումի մեջ չի գրել ավագանու անդամի հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու մասին, նրա լիազորությունները մեխանիկորեն դադարեցվել են:

 

Լրահոս

Դիտել ավելին