Կարևոր իրադարձություններ

«Նիկոլն ամեն ինչը, ինչ ժողովրդին պետք է, բոլորիցս լավ գիտի». Սեյրան Սարոյան

23 Մայիս, 2018 16:26
«Նիկոլն ամեն ինչը, ինչ ժողովրդին պետք է, բոլորիցս լավ գիտի». Սեյրան Սարոյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հարցեր են տալու կառավարության նոր անդամներին, ասաց, որ գործադիր մարմնի անդամները նոր են նշանակվել, ու դեռևս նրանց լավ չի ճանաչում: 

Սարոյանն արձագանքեց նաև «Ելք»-ի պատգամավոր Հայկ Կոնջորյանի այն հայտարարությանը, թե երիտասարդ նախարարներն անփորձ են «ատկատների ու կոռուպցիայի» հարցում և ասաց. «100 տոկոս ճիշտ է ասել, ջահել են դեռ, սովոր չեն, բայց կսովորեն: Տա աստված, որ չվերցնեն կաշառք: Կյանքը ցույց կտա»:

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը՝  կոռուպցիոն դրսևորումների հայտնաբերման մասին, Սարոյանն ասաց, թե ինքը չի վախենում և  շեշտեց, որ եթե ինքը նման բան է արել, թող իր անունն էլ հրապարակեն։

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Սարոյանը չմանրամասնեց` կմասնակցի, թե ոչ, այլ միայն ասաց` կյանքը ցույց կտա։

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն ամբողջությամբ չի զիջել իշխանությունը, քանի որ  խորհրդարանում մեծամասնություն է, Սարոյանն ասաց. «Մեր նման խելո՞ք: Նիկոլն ինչ թուղթ բերեց, կնոպկեն սեղմինք՝ գնաց։ Էսօր բա ո՞ւմ բերածներն էին, որ քվեարկեցինք, հո՞րս: Նիկոլի բերածներն էին: Տեսաք՝ միաձայն գնաց»:

Գեներալը խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև հնարավոր բանակցությունների մասին՝  ԼՂ հակամարտության շուրջ. «Շա՞տ գիտեմ Նիկոլի մտքի մեջ ինչ կա: Բայց որ Նիկոլն էլ հայրենասեր, թասիբով տղա է, դա չենք կարող կասկածել: Ինքն ամեն ինչը, ինչ ժողովրդին պետք է, բոլորիցս լավ գիտի, որովհետև միշտ բարձրաձայնել ա էդ հարցերը»։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին