Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է

21 Մայիս, 2018 22:08
Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակման հանգամանքները. 2 անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ անչափահաս։

Նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 19-ին ՝ ժամը 16:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ապօրինի մուտք են գործել Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկը և, բռնություն գործադրելով տանտիրոջ՝ Չարենցավանի բնակչուհու նկատմամբ, հափշտակել ոսկյա զարդեր, ապա՝ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում։ Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Կինը ճանաչվել է տուժող:

Արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Չարենցավան քաղաքի երկու բնակիչ, որոնցից մեկը՝ անչափահաս՝ ծնված 2001թ.: Վերջիններս ձերբակալվել են և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախնական քննությամբ պարզել է, որ գողացված ոսկյա զարդերը վաճառվել են մեկ այլ անձի, սակայն դրանք հայտնաբերվել են և առգրավվել:

Նշանակվել է դատանյութագիտական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին