Կարևոր իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Բակո Սահակյանին, քննարկվել է ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացը

19 Մայիս, 2018 10:15
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Բակո Սահակյանին, քննարկվել է ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացը

Մայիսի 18-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունեց Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

Շնորհավորելով նախարար Մնացականյանին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ նախագահ Սահակյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնել ԱԳՆ ղեկավարին և հաջողություն մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ։ 

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և աջակցության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ հստակ էր, որ առաջին այցելությունը պետք է լիներ Արցախ, ուր պետք է ստանալ անհրաժեշտ լիցքերը։ 

«Արցախը կարևորագույն նշանակություն ունի ամբողջ հայության համար. այն մեր ինքնության կաևորագույն սյուներից մեկն է։ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը»,- շեշտել է նախարար Մնացականյանը:


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ունեցած քննարկումները, եռանախագահների հետ առաջիկայում ծրագրվող հանդիպումների նախապատրաստական աշխատանքները։ 

Արցախի նախագահը կարևորել է Ստեփանակերտի և Երևանի միջև խորհրդակցությունների ու հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր, նախանշել դրանց լուծման ուղիները և համատեղ քայլերը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին