Կարևոր իրադարձություններ

Ինչու Պուտինը չմիջամտեց Հայաստանի «թավշյա հեղափոխությանը». Foreign Affairs-ի անդրադարձը

18 Մայիս, 2018 12:58
Ինչու Պուտինը չմիջամտեց Հայաստանի «թավշյա հեղափոխությանը». Foreign Affairs-ի անդրադարձը

Լուքան Ահմադ Վեյը foreignaffairs.com-ում ծավալուն հոդված է հրապարակել այն մասին, թե ինչու Ռուսաստանը չմիջամտեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հոդվածը որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

«Ապրիլին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ստիպված էր հրաժարական տալ՝ Արևելյան Եվրոպայում այս դարի առաջին տասնամյակում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունների» ալիքը հիշեցնող զանգվածային ցույցերի ճնշման տակ: Այդ ամենը կարծես լուրջ մարտահրավեր պետք է լինեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համար, քանի որ շատ է վախենում իր երկրում հակաբռնապետական շարժումների հնարավոր տարածումից, և երկար ժամանակ նրան հետապնդում է տարածաշրջանում «գունավոր հեղափոխությունների» սպառնալիքի միտքը:

Այս ցույցերը կարծես լուրջ մարտահրավեր պետք է լինեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Նա սարսափում է իր երկրում հակաբռնապետական շարժումների հնարավոր տարածումից, և երկար ժամանակ նրան հետապնդում է տարածաշրջանում «գունավոր հեղափոխությունների» սպառնալիքի միտքը:

Բազմաթիվ ռուս մեկնաբաններ մտավախություն ունեին, որ հայաստանյան ցույցերը Ռուսաստանի սահմանների մոտակայքում ուսանողական հեղափոխություն հրահրելու Արևմուտքի գաղտնի ծրագրի մաս են կազմում, և որ ընդդիմությունը կարող է Հայաստանին դեմ հանել Ռուսաստանին:

Ենթադրվում էր, որ Պուտինը կաջակցի Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած կուսակցությանը: Երբ ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց, Ռուսաստանը սկսեց աշխատել հետնաբեմում՝ Կարեն Կարապետյանին իշխանության փոխանցումը կազմակերպելու համար: Ռուսական հսկողության տակ գտնվող պարբերականները սկսեցին ցույցերն Արևմուտքի կողմից կառավարվող «հերթական մայդան» պիտակավորել: Սակայն, երբ Հանրապետական կուսակցությանը չհաջողվեց բողոքի ցույցերի պատճառով Կարեն Կարապետյանին հանձնել իշխանությունը, Պուտինն անսպասելիորեն լռեց, ռուսական լրատվամիջոցներն, իրենց հերթին, դադարեցին շարժումը վարկաբեկել, և ռուսական իշխանությունները չփորձեցին ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա ընդդիմության նկատմամբ ուժ կիրառելու համար, ինչպես արել էին Ուկրաինայում 2014 թվականին: Ավելին, Պուտինն առաջիններից էր, ով շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Ինչու Պուտինն այդպես վարվեց. Նախ, նրան շատ ավելի հետաքրքրում է իշխանության աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, քան այն, թե արդյոք կոնկրետ երկրները ժողովրդավարական են, թե բռնապետական: Կարևոր հանգամանք է նաև այն, որ ի հակադրություն Ուկրաինայի իրադարձություններին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանձնառու է պահպանել աշխարհաքաղաքական ստատուս քվոն: Ցույցերի ժամանակ չէին բարձրացվում ԵՄ դրոշներ կամ այլ նշաններ, որոնք ցույց կտային, որ նոր ուժերը դեմ են հանդես գալիս տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերին:

Պուտինը գուցե չի միջամտել նաև այն պատճառով, որ զգացել է՝ Հանրապետական կուսակցության իշխանությունը փրկելու փորձը կտապալվեր: Ուկրաինայում Ռուսաստանի փորձառությունից հետո ՌԴ նախագահը կարող էր անհանգստանալ, որ ՀՀ-ում ժողովրդականություն չվայելող վարչակազմին ակնհայտորեն սատարելը մեծ հակադարձ ազդեցություն կստեղծեր հենց Ռուսաստանի դեմ:

Այն, ինչ եղավ Հայաստանում, ցույց է տալիս, որ անգամ նման փոքր երկրներում կարող է ժողովրդավարություն հաստատվել՝ առանց վախենալու արտաքին միջամտությունից: Ի վերջո, Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրն ավելի շատ կախված կլինի ներքին գործոններից, այլ ոչ Ռուսաստանի քայլերից»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին