Կարևոր իրադարձություններ

Քաղբանտարկյալների հարցի փակուղին ու հնարավոր լուծումը. «Փաստ»

17 Մայիս, 2018 08:12
Քաղբանտարկյալների հարցի փակուղին ու հնարավոր լուծումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը վերջին շրջանում ամենաքննարկվողներից է: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն օրերս ևս մեկ անգամ նշեց, որ իր համոզմամբ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առումով երկու հանգամանք է առանձնացրել. « Ինձ համար կա երկու խնդիր. Քաղաքականության հետ առնչվող խնդիրներ, որտեղ չունենք զոհեր, ու որտեղ ունենք զոհեր: Վերջինի դեպքում խոսքը «Սասնա ծռերի» մասին է։ Օրենքով սահմանված կարգով պետք է լուծենք նրանց ազատ արձակման հարցը, օրինակ՝ համաներմամբ»:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Փաստ»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ լուծում առաջարկեց:

«Կան անձինք, որոնց դեպքում այս պահին դատավարություն է ընթանում: Նրանց բոլորի խափանման միջոցը պետք է փոխել: Չեմ ասում արդարացվեն՝ դա ապագայի հարց է: Ուղղակի այս պահին խնդրի շուրջ առկա լարվածությունը մեղմացնելու համար նրանք պետք է ազատ արձակվեն: Իհարկե, խոսքը չի վերաբերում այն անձանց, ովքեր մեղադրվում են սպանության մեջ: Չեմ ասում, որ մեղավոր են, չեմ խախտում անմեղության կանխավարկածը, բայց ճիշտ չի լինի: Իսկ թե «Սասնա ծռերի» մասով ճի՞շտ էր ապստամբությունը, թե՝ սխալ, հարցը քաղաքական լուծում պետք է ունենա, որը հատուկ օրենքի ընդունումն է: Տեսեք՝ եթե մենք նայում ենք զուտ քրեական իրավունքի տեսանկյունից, անտեսելով երկրի խայտառակ վիճակը, և այն, թե ինչի դեմ էին ապստամբում, ապա մենք փակուղու առաջ ենք հայտնվում. շենք են գրավել, կրակել են, զենք են վերցրել: Քրեական օրենսգրքով դրանք հանցագործություններ են: Բայց գոյություն ունի իրավիճակ՝ ինչո՞ւ է նման գործողություն արվել: Հարցին պետք է օրենքի տեսքով քաղաքական գնահատական տրվի: Դրանից հետո դատական ակտերը կարող են վերանայվել ըստ այդ քաղաքական գնահատականի: Նման երևույթները քաղաքական գնահատականի կարիք ունեն և վեր են սովորական իրավական կարգավորումներից: Մենք հասել ենք մի եզրի, որտեղ իրավաբանությունն այլևս չի կարգավորում հարցը: Սա վերաբերում է նաև Մարտի 1-ի դեպքերին, ապրիլյան հեղափոխությանը»:

Նրա խոսքով՝ երբ այդ գնահատականը լինի, դատական համակարգի համար արդեն հեշտ կլինի կողմնորոշվել իրավական գործընթացներում, բայց հիմա ունենք երկու ճշմարտություն. «Ճշմարտություն, որն ասվում էր Սերժ Սարգսյանի կողմից, երբ ասում էր՝ մարդիկ հանցագործ են, նույնը նաև Շանթ Հարությունյանին էր վերաբերում: Ունենք նաև մյուս ճշմարտությունը. ասում ենք՝ ո՛չ, դուք բռնազավթել եք իշխանությունը, և այդ մարդիկ փորձում էին վերադարձնել այն ժողովրդին: Եթե ճշմարտությունը որոշված չէ, ցանկացած դատական կառույցի, իրավաբանի համար խնդիրն անլուծելի է դառնում, կամ էլ տրված լուծումը չի գոհացնում հանրությանը»:

Իսկ ովքեր դատապարտվել են, փաստաբանի կարծիքով, նրանց նկատմամբ կարող է ներում կիրառվել. «Այս պահին միակ գործուն տարբերակը ներումն է: Իսկ ներմամբ ազատ արձակվելը չի նշանակում մեղքի ընդունում»:

Մարդկանց կողմից այս օրերին մի հարց է բարձրացվում՝ քաղբանտարկյալներն անմեղ են, ինչո՞ւ պետք է նրանց նկատմամբ համաներում կամ ներում կիրառվի: Տ. Աթանեսյանն այդ մոտեցումը էմոցիոնալ է համարում. «Եթե վարչապետից պահանջում են քաղբանտարկյալներին անմիջապես ազատ արձակել, ապա ասեմ, որ նա նման իշխանություն չունի և չի կարող ունենալ: Եթե դա արեց, երկու ճանապարհի առաջ ենք կանգնում. կամ 6 ամիս հետո նույն ռեժիմն ենք ունենալու, կամ էլ հեղափոխությունը պարզապես ամեն ինչ է քանդում: Այսինքն՝ կառուցված պետական ապարատը: Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ դռները բացել են ու մարդիկ դուրս են եկել բանտերից: Նման մոտեցման հետևանքները ծանր են լինում: Որպես կանոն՝ լինում է քրեական «բեսպրեդել»»:

Փաստաբանը շեշտեց՝ ներումից ու համաներումից պատմության մեջ ոչ մի քաղբանտարկյալ չի տուժել. «Եթե գիտենք, որ մարդը քաղբանտարկյալ է, շատ չի հետաքրքրում ՝ նրա նկատմամբ համաներո՞ւմ, թե՞ ներում է կիրառվել: Երբ ժամանակին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները բանտից ազատ արձակվեցին, չասվեց, որ մարդիկ անմեղ են, պարզապես ասվեց, որ իրադրություն է փոխվել և ազատ են արձակել: Ի դեպ՝ հետագայում ոչ ոք չի դիմել դատական ակտը վերանայելու համար: Նույնը եղել է Ֆիդել Կաստրոյի, Նելսոն Մանդելայի հետ: Կոպիտ ասած՝ դրան էլ ո՞վ է նայում, երբ ճշմարտությունը հասկանալի է»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին